ArmLur.am-ը գրում է․

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դեպքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:
Ինչպես մեր աղբյուրներն են պատմում, հարցը առաջացել է կենցաղային խնդրից, երկու հարևաններ կենցաղային հարցով վիճել են, այնուհետև, դեպքին միջամտել է նաև Էմմա Պալյանը:

ՔՊ-ական պատգամավորը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, բայց իրականում ավելի է թեժացել իրավիճակը:
Ինչպես ականատեսներն են պատմում, նա սկսել է բղավել, իշխանական հայտարարություններ անել, ասել է, թե սա նախկինների Հայաստանը չի, որ նման կռվներ անեն:
Էմմա Պալյանի այս հայտարարություններն ավելի են բարկացրել հարևաններին ու իրավիճակը ավելի է թեժացել:

Վիճաբանությունն էլ հանգեցրել է նրան, որ հարևաններից մեկը շենքի բակում մեքենա է այրել:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Էմմա Պալյանի հետ, վերջինս հաստատեց, որ մեքենան իրենց բակում է այրվել, սակայն նշեց, որ իրենց մեքենան չի, և ինքը որևէ կռվի չի միջամտել.

«Դեպքը մեր բակում է տեղի ունեցել, ես բազմաբնակարան շենքում եմ ապրում, բայց մեքենան մեր ընտանիքինը չի, մեր հարևանի հետ է դեպքը տեղի ունեցել: Ինչ վերաբերվում է կռվին, ես այդ օրերին Երևանում եմ եղել, կռվի մասին տեղեկություն չունեմ, որևէ միջադեպի չեմ խառնվել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ձեզանից եմ լսում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Էմմա Պալյանը վերջերս աչքի ընկավ իր մեկ այլ սկանդալային հայտարարությամբ, երբ ասաց, որ իր ամուսնուն գրանցել է որպես իր՝ հասարակական հիմունքներով օգնական, որպեսզի դրսում իրեն չսպասի և չմրսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել