Hraparak.am-ը գրում է.

«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մի շարք ընդդիմադիրներ դատարանի առաջ են կանգնել, շատերն անգամ կալանավորվել են: Որքան էլ զարմանալի թվա, նրանք՝ գրեթե բոլորը, մեղադրվում են բռնության կոչեր անելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ. Տաթեւիկ Վիրաբյան, Նարեկ Մալյան, Լեւոն Քոչարյան, Արմինե Ադիբեկյան եւ այլք: Թերեւս պետք չէ զարմանալ, որ մի քանի անգամ առավել ռադիկալ ու բռնություն պարունակող հայտարարություններով հանդես եկող իշխանական ներկայացուցիչները մնում են անպատիժ: Սա քաղաքականություն է, եւ իշխանությունը քրեական մեթոդներով է նաեւ պայքարում ընդդիմության դեմ:
Բոլորովին վերջերս Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի դեմ: Արմինե Ադիբեկյանն այն եզակի ադրբեջանագետներից է, ով մշտապես պայքարել է ադրբեջանական կողմից տարածվող ստի եւ կեղծիքի դեմ՝ առաջ տանելով հայկական շահը, սակայն օրվա իշխանությունների համար բոլոր հայամետ գործիչները պոտենցիալ հանցագործներ են: Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022 թվականի սեպտեմբերին կատարված հետեւյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ 


Ադիբեկյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ կեղծ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե իբրեւ դատարանում Ադիբեկյանին կալանավորելու հարցն է քննվում: Իրավաբանի պնդմամբ` նման հարց չի եղել, ինչ վերաբերում է ադրբեջանագետի գրառմանը, որը Քննչական կոմիտեն դիտարկել է որպես բռնության կոչ, Մելիքյանը կարծում է, որ այդտեղ առհասարակ որեւէ մեկի նկատմամբ չկա բռնության կոչ, փոխարենը նա կարծում է, որ իշխանական որոշ գործիչներ պարբերաբար հանդես են գալիս կոնկրետ բռնության կոչերով, սակայն մնում են անպատիժ։

«Կալանքի թեմա երբեք չի եղել, բուն դատավարությունն է սկսվել: Գուցե խափանման միջոցի հարց քննարկվի, բայց մենք չենք ակնկալում, որ կարող է կալանքի հարց բարձրացվել: Մի տեղ տեսա, որ կալանքի հարցն է դատարանը որոշում, սակայն այդպիսի բան չի եղել, ես՝ ինքս, տվյալ հրապարակման տակ գրեցի, որ նման բան չկա: Դատական նիստն էլ հետաձգվեց այն պատճառով, որ նիստից ընդամենը տասը րոպե առաջ դատարանը դատախազից գրություն էր ստացել այն մասին, որ ինքն Արդարադատության ակադեմիա է գնացել եւ չի գալու: Բայց եթե նման բան կար, կարելի էր գոնե առնվազն դատական նիստից մեկ օր առաջ տեղեկացնել»,- նշեց նա:

Հարցին` ինչո՞ւ են իրավապահներն Ադիբեկյանի այս գրառումը դիտարկել որպես բռնության կոչ, մեր զրուցակիցն ասաց.

«Մենք կարծում ենք, որ այդ գրառման մեջ չկա բռնության կոչ: Բռնությունն այդ գրառման մեջ իսպառ բացակայում է: Այն համոզմանն ենք, որ Ֆաշիստական Գերմանիայի գործիչների անուններն առհասարակ չեն կարող ուղղված լինել Հայաստանում ինչ-որ մեկին: Մեզ շատ հետաքրքիր է, թե վարույթն իրականացնող մարմինն ինչպիսի հիմնավորումներ է ներկայացնելու: Ինչպե՞ս է ստացվում, որ Արմինե Ադիբեկյանի գրառումը բռնության կոչ է պարունակում, բայց Ռուբեն Մեհրաբյանը հայտարարում է, որ պետք է ապտակ հասցնել Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին, եւ մնում է անպատիժ: Մարդկանց ապտակելու կոչն ուղղակի եւ ուղիղ բռնության կոչ է: Ի դեպ` Ադիբեկյանին մեղադրանք առաջադրելու օրը Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանին կոչ արեց՝ դիմել ինքնասպանության: Թե ինչու իրավապահները չեն անդրադառնում այս կոնկրետ բռնության կոչերին, պարզ չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել