Hraparak.am-ը գրում է․

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին մի բան էր մնում ավելացնելու, որ Ֆրանսիայից զենք է բերելու՝ սուվենիրի համար։ Սուվենիր բառը ֆրանսիական է, ու ֆրանսիական զենքի հետ պետք է ֆրանսիական բառ օգտագործել։ Աշխարհում երևի պետության ղեկավար  չի գտնվի, ով  արդարանա իր երկրի պաշտպանությունը,  անվտանգությունը կազմակերպելու համար։ Ուզում եմ հասկանալ՝ ու՞մ առաջ է արդարանում՝ Ադրբեջանի՞, որ բռնի ուժով տեղահանեց Արցախը, Հայաստանի սուվերեն տարածքները զավթեց, Թուրքիայի՞, որը մի ողջ ազգ բնաջնջեց ու մաքրում է հետքերը․․․ Ու՞մ առաջ է արդարանում, ասելով․ «Մեր մոտեցումն այն չէ, որ պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, կրակենք մեր հարևանների վրա»։


Այդ դեպքում ինչու՞ ես զենք բերում՝ սուվենի՞ր։ Ադրբեջանն ու Թուրքիան, որ մինչև ատամները զինվել ու զինվում են, քննարկու՞մ են իրենց բերածի մասին, բացատրու՞մ են քեզ, թե ինչի համար ես զենք բերում։ Զենքի մասին լղոզված  լոշտակ բացատրության իմաստը կարելի է այսպես հասկանալ։ Ներքին լսարանին է հայտնում, որ զենք են տալիս, ներքի՜ն լսարանին։ Հանգիստ եղեք, մենք զենք ենք բերում, որ չասեք՝ ի՞նչ ես անում։ Իսկ Ադրբեջանին ու Թուրքիային հանգստացնում է՝ «Մենք ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք միայն բանակ, միայն զենք»։

Բա ի՞նչն եք ճիշտ համարում։ Անզեն խաղաղության օրակա՞րգը, բանակ չունենա՞լը։  Եթե զենք բերեք, հարկ եղած դեպքում, երբ վտանգ սպառնա մեր սուվերեն տարածքին, չի՞ օգտագործվելու։ Դնելու ես գլխիդ տակ ու քնե՞ս։ Հնդկաստանի զենքը տե՞ղ հասավ։ Այստեղ են ասել՝ գետը չմտած, ձուկ է վաճառում։ Երկրիդ անվտանգությունը խախտված է, տարածքները զավթված։ Ու երկրի ղեկավար կոչվողը արդարանու՞մ է, որ պիտի պաշտպանություն կազմակերպի, ի ականջ թշնամու, պատճառաբանում, թե իր երկրի պաշտպանությունը ինչպես պիտի  կազմակերպի։ Սա արդեն ողբ է։ Հայկական պետականության կործանման ողբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել