Hraparak.am-ը գրում է․

Իրանում տեղի ունեցավ «3+3» ձեւաչափով հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարների միջեւ։ Վրաստանն էլ պիտի մասնակցեր այս ձեւաչափին, սակայն վրացական կողմը, պատճառաբանելով Ռուսաստանի մասնակցությունը, հրաժարվել էր մեկնել Իրան։ «3+3» ձեւաչափի մասին զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ։


- «3+3» ձեւաչափով հանդիպումներից հետո պարզ դարձավ, որ քննարկումները ծավալվել են տնտեսական համագործակցության հարցերի շուրջ։ Ի սկզբանե Իրանն այսպե՞ս էր նախատեսել, թե՞ ինչ-որ բան այնպես չի գնացել։

- Ինչ վերաբերում է «3+3» ֆորմատի հանդիպմանն Իրանում, իսկ ավելի կոնկրետ՝ «3+2» ֆորմատին, Թեհրանի հիմնական նպատակն էր՝ տարածաշրջանում ընթացող գործընթացներում իր ներկայությունն ապահովել, ինչը 2020 թ․ պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ անգամներ առաջարկում էր իր ծառայությունները՝ որպես միջնորդ, որպես հնարավոր տարբերակ՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու եւ այլն։ Հիմա Իրանն ինչ-որ չափով իրենով արեց այս ֆորմատը, որովհետեւ ի սկզբանե՝ անմիջապես պատերազմից հետո, Թուրքիան էր այս ֆորմատը՝ «3+3», առաջարկել։ Իսկ տնտեսական ծրագրերը Թեհրանի համար առաջնայիններից են, որովհետեւ Թեհրանը հենց այստեղ է տեսնում իր հնարավորությունը՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու համար, ինչից հետո էլ արդեն կգա քաղաքական ազդեցությունը։

- Այս ֆորմատի հաջորդ հանդիպումը նախատեսել են Թուրքիայում։ Դերերի բաժանո՞ւմ է՝ Իրանի եւ Թուրքիայի միջեւ։

- Այս ֆորմատը մի ձեւաչափ է, որտեղ ներառված են միայն տարածաշրջանային պետությունները եւ տարածաշրջանային ուժային կենտրոնները, որը բացառում է արեւմտյան ներկայությունը։ Այս իմաստով դիտարկելու դեպքում դա նշանակում է, որ քննարկումներ կանցկացվեն բոլոր հինգ երկրներում, բացառությամբ Վրաստանի։ Թուրքիան է այս ձեւաչափն առաջարկել, հետեւաբար՝ շատ տրամաբանական է, որ հաջորդ հանդիպումը հենց այնտեղ կայանա, քանի դեռ կողմերը պատրաստ չեն հանդիպել այլ հարթակներում։ Չնայած արդեն իսկ հայտարարություն եղավ այն մասին, որ հնարավոր է երրորդ հանդիպումը Երեւանում կայանա, եւ եթե արդեն նման հայտարարություններ են արվում, նշանակում է՝ որոշակի նախնական պայմանավորվածություններ են եղել այն մասով, որ հնարավոր է՝ Ադրբեջանը Երեւանում պաշտոնական բանակցություններում ներկայացված լինի, եւ Թուրքիան ներկայացված կլինի, նշանակում է, որ արդեն ինչ-որ խոսակցություններ այս մասով գնում են։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել, քանի որ «3+3» ձեւաչափը ոչ պաշտոնական ֆորմատ է, դա կազմակերպություն չէ, այսինքն՝ կարող են հանդիպումներ լինել թե՛ Թուրքիայում, թե՛ այլ վայրերում։

- Արտգործնախարարների հետ այս հանդիպումը միայն տնտեսական ծրագրերին ու համագործակցությանն էր վերաբերում։ Հնարավո՞ր է, որ նախագահների մակարդակում արդեն քաղաքական հարցեր շոշափվեն։

- Իհարկե, այս ֆորմատը շատ մեծ պոտենցիալ ունի։ Հանդիպումները կարող են լինել արտգործնախարարների, էկոնոմիկայի նախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով, հնարավոր է՝ նաեւ պետությունների ղեկավարների մակարդակով, օրինակ, Աստանայի ֆորմատի նման՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի նախագահների հանդիպումների։ Ֆորմատի ընդգրկվածության մեծացում լինելու է, ու պարտադիր չէ, որ միայն տնտեսական եւ քաղաքական բնագավառներում․ դա կարող է լինել, օրինակ, ենթակառուցվածքների, բնապահպանության, հումանիտար համագործակցության մասով, եւ ամեն ուղղության համար կարելի է մի ֆորմատ ձեւավորել։

- Այս ձեւաչափում առանձին երկրների մասնակցության նպատակները կամ շահերը որո՞նք են։

- Այս ֆորմատին մասնակից լինելով՝ Թուրքիան փորձում է բազմակողմանիորեն ներկայացված լինել տարածաշրջանում եւ ոչ թե միայն Ադրբեջանի միջոցով։ Իրանի մասնակցության նպատակը տարածաշրջանում ներկայություն ապահովելն է, որովհետեւ Իրանն ընդհանրապես ռեգիոնալ գործընթացներից դուրս է, եւ Իրանն ու այս տարածաշրջանը միմյանց հետ կապող միակ բանը «Հյուսիս- հարավ» ծրագիրն էր։ Իսկ, ընդհանրապես, Իրանը շատ հեռու էր տեղի ունեցող ամեն ինչից, դա հատկապես հասկանալի էր 2020 թ․ պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո։ Ռուսաստանի համար այս ֆորմատը հետաքրքիր է այն հանգամանքով, որ ա) այստեղ Արեւմուտքը չկա, բ) որ այստեղ կարելի է հրավիրել Վրաստանին։ Հասկանալի է, որ ի սկզբանե Ռուսաստանն այս ֆորմատով շատ հիացած չէր եւ հրաժարվում էր պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո, որովհետեւ Ռուսաստանը, ամեն դեպքում, Հարավային Կովկասը համարում էր իր ազդեցության գոտին եւ մյուսների հետ կիսելու ցանկություն չուներ։ Բայց հիմա, երբ այստեղ Արեւմուտքի ներկայությունն ավելի առարկայական է դառնում, Արեւմուտքի մասնակցությունը կանխելու կամ սահմանափակելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի Իրանի եւ Թուրքիայի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել