Hraparak.am-ը գրում է․

Պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխվածները, հատկապես նրանք, ովքեր եկել են սեպտեմբերյան մարտերից առաջ, լիակատար անորոշության մեջ են։ Պետական մարմինները լուծարելուց հետո մպաստ ու թոշակ չեն  ստանում, տան վարձի համար տրվող չնչին գրոշները, որոնցով Հայաստանում հնարավոր չէ նույնիսկ 10 քմ վարձել, վաղուց «գրված են սառույցին»։

Ինչպես հայտնի է, Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն տեղահանված արցախցիներին ամեն ամիս 40 հազար դրամ էր տրամադրում՝ որպես բնակվարձի փոխհատուցում։ Հոկտեմբերիին նրանք ստացել են մայիս ամսվա գումարները։ Այժմ տեղահանված արցախցիներն Արցախի օպերատիվ շտաբից եւ այլ կառույցներից պահանջում են իրենց բնակվարձը, սոցցանցերում են հարցեր բարձրացնում, թե երբ է հերթական գումարը նստելու։ Ձայն չկա։ «Սկի 14 հազար դրամ նպաստը չեն տալիս, 40 հազարը ո՞նց կտան»,- ասում է միայնակ մայր Արմինե Դավթյանը՝ Քաշաթաղից։

Արցախցիների շրջանում լուրեր են տարածվում, որ 40 հազարներն այլեւս չեն վճարվելու՝ «կտրել» են, կառավարությունն էլ մոռացել է իրենց մասին։ Կարեն Հովհաննիսյանը տեղահանվել է Շուշիից։ Երեխայի համար կաթի փող էր ստանում՝ ամսական 33 հազար դրամ։ «Արդեն 2 ամիս է՝ չեն տվել»,- ասում է։ 40 հազարը վերջին անգամ ստացել է մայիսին։ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին հարցրինք, թե ինչու արցախցիները չեն ստանում 40 հազար դրամները եւ ստանալո՞ւ են առհասարակ, թե՞ ոչ։ «Հայտը ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն, սակայն գումարները դեռ չեն փոխանցվել։ Բնակարանային հարցերի կոմիտեից հունիսից մինչեւ հոկտեմբերի 1-ը հայտը ներկայացված է։ Երբ կտրամադրվեն գումարները՝ չեմ կարող ասել»,- ասաց Իշխանյանը։ Նա չգիտի նաեւ, թե երբ կփոխանցվեն նպաստները, որոնց վճարումն ԱՀ սոցապնախարարության լիազորությունների տիրույթում է։ «Կարծում եմ՝ նույն մեխանիզմն է։ Միասին, գուցե, կտան»,- ասում է Իննա Իշխանյանը։

Ինչպե՞ս է բնակկոմիտեն հայտեր ներկայացրել մի պետական մարմնի, որը լուծարված է, եւ ինչպե՞ս կարող է այդ մարմինը նպաստ ու բնակվարձ վճարել, եթե այլեւս գոյություն չունի, սա մնաց մեծագույն հարց։ Այն, որ թե՛ ԱՀ ֆինանսների նախարարությունը, թե՛ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փաստացի լուծարված են, հաստատեց Արցախի օպերատիվ շտաբը։ Սա այսօր փաստացի միակ աշխատող կառույցն է համարվում, որը եւս լուծարված է, եւ որի աշխատողներն աշխատանքի են գնում իներցիայի ուժով՝ կամավոր հիմունքներով, անվճար։ Մեզ հաջողվեց կապվել շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանի հետ։ Նա ասաց, որ օպերատիվ շտաբը եւս լուծարված հիմնարկ է, բայց ինքը եկել է աշխատանքի, նստել դատարկ կաբինետում, որովհետեւ սիրում է իր լուծարված հայրենիքը։ Այժմ Սասուն Սավադյանը մի պարզ տեղահանված արցախցի է, որը մնացել է անաշխատանք, եւ ուրեմն, ինքն էլ պետք է ստանա բնակվարձի փոխհատուցում՝ 40 հազար դրամի չափով։ Նա մեզ խորհուրդ տվեց՝ 40 հազար դրամների հարցով դիմել ԱՀ ֆինանսների նախարարություն, բայց չգիտեր, թե արդյոք նրանք դեռ գործո՞ւմ են՝ հայրենասիրական մղումներից դրդված։ «Այստեղ, մեր հարկի ներքո ֆինանսների նախարարությունն աշխատասենյակ ուներ, բայց չգիտեմ՝ կպատասխանե՞ն, թե՞ ոչ։ Մենք հանուն հայրենիքի գալիս ենք աշխատանքի, բայց իրենք գալիս են, թե ոչ՝ չգիտեմ։ Բոլոր հիմնարկները լուծարված են»։

- Բայց մինչեւ հունվարի 1-ը Արցախի բոլոր հիմնարկները չե՞ն աշխատելու։

- Չգիտեմ, մենք արդեն պետք է փակվենք, բոլոր փաստաթղթերը հանձնենք ու ավարտենք, մեր խնդիրը դա է։

- Ինձ Արցախի բնակկոմիտեից ասացին, որ բնակվարձի հայտը մինչեւ հոկտեմբերի 1-ը ներկայացրել են ֆինանսների նախարարություն։ Հիմա ո՞վ է վճարելու այդ գումարները։ Մարդկանց հետ ի՞նչ է լինելու։

- Նմանատիպ ճակատագրի արժանացածներից մեկն էլ ես եմ։

- Դուք է՞լ չեք ստանում ոչինչ։

- Ոչ մի բան, աշխատավարձն էլ՝ հետը։ Սեպտեմբերի աշխատավարձը դեռ ոչ ոք չի ստացել։

- Փաստորեն, մինչեւ սեպտեմբեր տեղահանվածներն ավելի վատ վիճակում են հիմա։ Նրանց բոլորը մոռացել են։

- Չէի ասի, որ ավելի վատ վիճակում են։ Գոնե արդեն տեղավորվել են։ Լավ-վատ՝ հյուրանոցում, թե վարձով։

- Բայց ոչ մի կոպեկ չեն ստանում, վարձերի չնչին փոխհատուցումն էլ չկա։

- Կոպեկի պահով՝ այո, բայց իրավիճակից ելնելով, իրենք ինտեգրվել են, ունեն տանիք գլխի վերեւում, գոնե՝ ժամանակավոր, այդ առումով չեն կարող համեմատվել նոր եկածների հետ, միանշանակ։

- Իսկ չգիտե՞ք՝ կարո՞ղ է ՀՀ կառավարությունը նաեւ նախկինում տեղահանվածների բնակվարձերը տա։

- Սոցապնախարարությունը պետք է այդ հարցերին պատասխանի, քանի որ դրանք սոցիալական հարցեր են։ Բայց մարդիկ զանգում են թեժ գիծ՝ 114, ուղղորդում են ինձ։

ՀԳ․ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ եւս ուղղորդեցին Արցախի օպերատիվ շտաբ՝ մոռանալով, որ այն լուծարված մարմին է։ Նախարարության խոսնակը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն «այստեղ ապրողների համար որեւէ ծրագիր չի իրականացնում»։ «Մենք 20 ծրագրեր ենք իրականացրել, բայց 2 տարի առաջ բոլոր ծրագրերն ավարտել ենք։ Միայն սերտիֆիկատների ծրագիրն է ՀՀ կառավարությունն իրականացնում։ 40 հազարների հարցով, երեւի, պետք է դիմեք նրանց կամ Արցախի օպերատիվ շտաբ»։ Զավեշտ է, իհարկե, շատ տխուր զավեշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել