«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, եւ վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանեց, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է: Շատ բարի: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պատգամավորի ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի հայտարարագիրը, նկատեց, որ վերջինս 2022թ.-ին 1մլն 729 հազար դրամով Գյումրու համայնքապետարանից հողատարածք է գնել, ընդ որում՝ առձեռն:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատգամավորի ամուսինը, առանց վճարվելու աշխատելով ԱԺ-ում (հայտարարագրում էլ նշված է, որ ամուսինը գործազուրկ է եղել մինչեւ կնոջ օգնական նշանակվելը), միաժամանակ Գյումրիում արտոնյալ աճուրդով տարածք է գնել: Հասկանալի է, որ Էմմա Պալյանն է, որ օգտագործելով իր պատգամավորական կապերը, կարողացել է աճուրդի հաղթանակն ապահովել, ինչպես ավանդաբար:

Էմման, իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, թե դա մեծ գումար է. իմ աշխատավարձը նաեւ նրա կուտակած գումարը թույլ է տվել, որ միասնական ուժերով գնենք այդ հողատարածքը: Նա մինչ այդ անհատ ձեռներեց է եղել, ավտոպահեստամասերի խանութ է ունեցել, բայց հետո գործերի անհաջողության պատճառով դադարեցրել է ԱՁ-ի գործունեությունը: Այդ տարիների ընթացքում կարողացել է որոշակի գումար կուտակել, ավելացնեմ նաեւ, որ հողատարածքի գնման ժամանակ իմ ամուսինը գումար է ունեցել նաեւ ավտոմեքենայի վաճառքից. հայտարարագրում էլ դա նշված է»:

Ահա այսպես անհաջող բիզնեսմեն ամուսինը, ըստ Պալյանի, մասնակցել է բաց մրցույթի, հող գնել, եւ ոչ մի կրիմինալ չկա: Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մովսիսյանը, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ. սրա մասին, սակայն, հայտարարագրում նշված չէ:

«Հայտարարագիր լրացնելու պահին զբաղվածություն չի ունեցել, չի գրանցել, վերջին երկու ամսում է այնտեղ աշխատում»,-ասաց Պալյանը:

Այսպիսով, Պալյանը պարզաբանում է, թե ամուսնուն օգնական է ձեւակերպել, որ ԱԺ դարպասներից դուրս չմրսի, ներսում սպասի իրեն եւ տուն տանի, միաժամանակ նույն ամուսնուն, հասկանալի է, իր կապերով Գյումրիում անտառապետ է տեղավորել:

Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ ե՛ւ Գյումրիում աշխատանքի գնում, ե՛ւ Երեւանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու: Իսկապես ֆանտաստիկ, գերմարդկային կարողությունների տեր է Ալբերտը, բայց՝ չստացված անհատ ձեռներեց:

Գուցե, հավատարժան լիներ պատգամավոր Էմմա Պալյանի պարզաբանումը, թե ամուսինն իրեն մարզից է բերում աշխատանքի և, որպեսզի դրսում չսպասի, նրան նշանակել է իրեն օգնական։ Բանն այն է, որ Էմմա Պալյանը մինչև 2022 թվականին Երևանում ձեռք բերված բնակարանը, 2021 թվականից բնակարանի վարձակալության համար ԱԺ-ից ամեն ամիս 100 հազար դրամ տան վարձավճար է ստացել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել