Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանական պաշտոնական լրահոսի համաձայն, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ, որի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի հեռանկարները»։
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը «երբեք չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները, ինչը հաստատվել է ոչ միայն տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության, այլեւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության եւ անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»։ Իհարկե, այս ոճի մեջ Բայրամովն այլ բաներ էլ է ասել, սակայն հատկապես ուշագրավ է խոսքի այս հատվածը։


Այն, որ միջազգային կառույցները կարող են արձանագրել, որ ադրբեջանական կողմը երբեք հայ բնակչության իրավունքները չի ոտնահարել, դա ինչ-որ առումով դեռ կարելի է հասկանալ։ Ի վերջո, կան հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ նրբություններ, որոնք միջազգային կառույցները հայտարարություն անելիս հաշվի են առնում ու բալանսավորում իրենց խոսքը՝ դրանց համեմատ։ Եվ, մանավանդ, չեն ուզում պարիտետը խախտել՝ օբյեկտիվության տպավորություն թողնելու համար միշտ զգուշավոր են գնահատականներ տալուց։

Սակայն այն, որ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հայտարարություն է անում, որը նախ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում են օգտագործում մեր թշնամիները, ապա դրոշակ են սարքում եւ ամեն առիթով հիշեցնում, արդեն անհանգստացնող է։ Փաստորեն, հենց ինքը՝ երկրի վարչապետն է այնպիսի ազդեցիկ եւ գործուն կռվան տալիս մեր հակառակորդներին՝ ուղղակի «նվեր» մատուցում վայրագ այս ցեղին, որ նրա ներկայացուցիչները դա լիուլի օգտագործում են միջազգային հարթակներում՝ իրականացնելով իրենց ցեղասպանական, ագրեսիվ քաղաքականությունը։ Սա ամենացավալին է։
Հարց է առաջանում․ լավ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը Հայաստանի թշնամին հո չէ՞, ինչո՞ւ է նման բան հայտարարել, ինչո՞ւ է, ժողովրդի լեզվով ասած՝ «մեր թշնամու բերանը լեզու դնում»։ Չի՞ հասկանում, որ ինքը շարքային սորոսական չէ, ոչ էլ թուրքերից գրանտ ստացող մի ՀԿ-ի ղեկավար, որը թքած ունի, թե իր մասին ինչ կմտածենք՝ բացահայտորեն թուրքամետ քաղաքականություն է վարում։ Չէ՞ որ ինքը պետության ղեկավարն է եւ սխալվելու իրավունք չունի, որովհետեւ իր սխալները հետեւանքներ ունեն մեր՝ բոլորիս, մեր պետության համար։ Եվ, վերջապես, մի՞թե չկա մեկն իշխող թիմից, որ այս մարդուն հասկացնի՝ նախքան խոսելը պետք է մտածել, ծանրութեթեւ անել։ Այդ հայտարարությունները ոչ միայն Հայաստանում են լսում, այլեւ՝ ողջ աշխարհում եւ հատկապես՝ Ադրբեջանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել