ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հանրային ձայն» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, որը կալանքի տակ է, պահանջել է իրեն ազատ արձակել։ Նա դրա դիմաց խոստացել էր, որ վայր կդնի Երևանի ավագանու անդամի իր մանդատը:

Բանն այն է, որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ «Հանրային ձայն»-ի առաջին համարը՝ կալանավորված Արտակ Գալստյանը, և երկրորդ համարը՝ Տիգրան Ուրիխանյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, պետք է հայտարարեն ավագանու անդամի մանդատները վայր դնելու մասին:

Սակայն Արտակ Գալստյանը վերջին պահին փոշմանել է ու նոր պահանջ առաջ քաշել, թե վայր կդնի իր մանդատը միայն այն դեպքում, եթե իրեն ազատ արձակեն բանտից:

Հիմա ստացվում է, որ Տիգրան Ուրիխանյանը ևս խաբված է, քանի որ նրան նախապես տեղեկացրել են, թե ինքը և Արտակ Գալստյանը պետք է հայտարարեն մանդատներից հրաժարվելու մասին, բայց վերջին պահին պայմանավորվածությունը խախտվել է:

Տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց ճշտել «Հանրային ձայն»-ի փոխնախագահ Վահան Ավագյանից, վերջինս էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Ես չեմ հերքում այդ տեղեկությունը։ Ասեմ ավելին՝ Արտակ Գալստյանի քրեական գործի հիմքում հենց այդ փաստն է դրված, որ ինքն ավագանու անդամ է և հենց հետապնդումների արդյունքում է  հիմա գտնվում կալանքի տակ: Արտակ Գալստյանը մանդատը վայր չի դնի։ Նա սպասում է, որ դատը լինի, քանի որ ապացուցողական բազան շատ թույլ է կամ գոյություն չունի, ես սա փաստաբանական կոնսուլտացիաների հիման վրա եմ ասում: Ուստի Արտակ Գալստյանը գտնում է, որ մանդատը չի դնելու, ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ նա մեր կուսակցության նախագահն է՝ առաջին համարը, ինչու՞ պետք է մանդատը վայր դնի: Նույն նախադեպը մենք ունենք նաև Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանը երկու տարի է՝ մանդատը վայր չի դնում: Սա բնականոն գործընթաց է, ինչու՞ Արտակ Գալստյանը պետք է մանդատը վայր դնի։ Հավելեմ, որ շատ մարդիկ «Հանրային ձայն»-ին ընտրել են հենց Արտակ Գալստյանի համար։ Քաղաքում նրա նկարներով պաստառներն էին, այսիքն՝ ինքը եթե մանդատը վայր դնի, կստացվի, որ իր ընտրողներին ասում է՝ իզուր եք ընտրել»,- ասաց Վահան Ավագյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել