Hraparak.am-ը գրում է․

Կան պնդումներ, որ առաջիկայում Հայաստանը կարող է կանգնել լրջագույն ջրի պաշարի խնդրի առաջ: Պատճառներից մեկը` Կաղզվանի մոտակայքում թուրքական կողմի նախաձեռնությամբ կառուցվող ջրամբարը կարող է լինել, որով Հայաստան մտնող ջրի ծավալները կկրճատվեն: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ Նասարն էլ երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը ջրի պակասից տուժած 20 երկրների ցանկում է: Մասնագետների կարծիքով` Սև լճի և Ջերմուկի տարածքների գրավումից հետո Հայաստանը կարող է կանգնել ջրային պաշարի նվազման խնդրի առաջ: 


Բնապահպան Սիլվա Ադամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Արցախի Հանրապետության կորուստը ևս նպաստել է ջրային պաշարի նվազման վրա: Ըստ նրա` Հայաստանում ջրի ավելի քան 80 տոկոսը անիմաստ վատնում են, քանի որ ջրի օգտագործումն արվում է ոչ խելամիտ ձևով: Նրա խոսքով` եթե այսպես շարունակվի, Հայաստանն առաջիկայում կանգնելու է ջրի պակասի վտանգի առաջ. 

«Ջրի խնդիրը սկսվել է Արցախի կորստից: Սարերից հոսող զուլալ ջրեր ենք կորցրել, ջրային տարածքներ ենք կորցրել, աղբյուրներ…. դրանք հիմա Հայաստանից դուրս մնացին: Մեր խնդիրներից մեկը դա է: Արցախի կորուստը լրջագույն ազդեցություն է ունենալու ջրային պաշարների վրա: Անկեղծ ասած` Թուրքիայի կողմից նոր կառուցվող ջրամբարի մասով տեղեկություններ չունեմ, սակայն այնտեղ, որտեղ կառուցվում է ջրամբարը, կան ջրային պաշարներ, և այստեղ նաև խնդիր է այն, որ մենք չգիտենք, թե վաղը ինչ կարող է լինել, ինչ տեսակ պատերազմական նոր գործողություններ, որոնք ևս կարող են ազդել Հայաստանի ջրի պաշարի վրա: Հետագա գործողությունները կարող են ավելի վատ անդրադառնալ ջրային պաշարի վրա: Ամեն դեպքում՝ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում ևս ջրամբարներ են կառուցվում` Եղվարդում, օրինակ: Մենք աշխարհի հազվագյուտ երկրներից ենք, որն ունի խմելու բավականին մաքուր ջրային պաշարներ, բայց դրանք անվերջ չեն: Սա իրենից շատ մեծ արժեք է ներկայացնում: Աշխարհում շատ քիչ երկրներ կան մեզ նման, որ նման մաքուր ջրի պաշարներ ունեն, այլ խնդիր է, թե ինչպես ենք մաքուր ջուրն օգտագործում: Ցավով պետք է արձանագրեմ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը բավականին անհաջող կազմակերպություն է: Մենք նրանց անհաջող աշխատանքի պատճառով խնդիրների առաջ ենք կանգնելու: Ջրային մասնագետները պնդում են, որ մինչև բնակավայրեր հասնելը ջրի 80 տոկոսը ոչնչանում է, սա մեծ ու կարևոր խնդիր է: Նոր խողովակներ են հարկավոր, որպեսզի ջրի կորուստ չլինի, բայց չի արվում դա, հնացած խողովակներ են: Ջրային մասնագետները պնդում են, որ մեծ ներդրումներ են հարկավոր, սակայն «Վեոլիա ջուրը» դրանք չի իրականացնի: Հասարակ օրինակ բերեմ` մի քանի անգամ դիմել եմ թաղապետարան և քաղաքապետարան, որ որոշ հատվածներում կեղտաջրեր են ճանապարհներին լցվում: Պարզվեց, որ «Վեոլիա ջուրը» մի քանի մետր խողովակ չի ցանկանում տրամադրել և խնդիրն այդպես էլ չի լուծվում: Այնպես որ՝ չեմ կարծում, թե այդ առումով առաջիկայում դրական փոփոխություններ լինեն, ես բազմիցս լսել եմ, որ անգամ մարդիկ ամիսներով ջուր չեն ունենում, կամ էլ ունենում են, բայց շատ վատ որակով, հասկանալի է, չէ՞, թե ինչու: Խողովակներն անորակ են: Փաստ է, որ Հայաստանում խմելու ջրի 80 տոկոս կորուստ ունենք, դա ահռելի թիվ է, որի վրա պետք է կենտրոնանալ: Միջոցներ պետք է ձեռնարկվեն, հակառակ դեպքում մենք կարող ենք լրջագույն խնդրի առաջ կանգնել: Ինչ վերաբերում է ջրի կոնկրետ պաշարին, ապա հստակ ոչինչ ասել չենք կարող, քանի որ չգիտենք, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը և ինչ կորուստներ կարող են լինել», - նշեց բնապահպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել