Hraparak.am-ը գրում է․

«Ամեն ինչ պարզ է։ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց։ Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը»


Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ասել է  ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին։

Նա նշել է, որ ադրբեջանական ռեժիմն էթնիկ զտումների համար պետք է պատիժ կրի։

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ադրբեջանական պատգամավորների ցինիզմը զարմացնում է, քանի որ նրանք պաշտպանում են ավտորիտար, ցեղասպան ռեժիմը։

Ռուբինյանի պնդմամբ` նրանք բռնի տեղահանված հայերին անվանում են Ադրբեջանի քաղաքացի, սակայն կորուստների առնչությամբ կամ թե ինչի կարիք ունեն ԼՂ-ից տեղահանվածները, որևէ խոսք չի եղել։ Ռուբինյանը շեշտել է, որ եթե հիշեն այն, որ ադրբեջանցի պատգամավորները պաշտպանում են ադրբեջանական ռեժիմը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։

«Պարոն Յաֆարովին պատասխանելով նշեմ, որ այս մարդիկ այնքան են կորցրել ամոթը, որ անգամ մի քանի շաբաթ առաջ մի ամբողջ բնակչության էթնիկ զտումներից հետո, նրանք եկել են այս կազմակերպություն և Հայաստանն անվանում են «Արևելյան Ադրբեջան»,-ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ Ադրբեջանի վերջին գործողությունները, ցույց են տալիս, որ այդ երկիրը սպառնալիք է դարձել միջազգային իրավակարգի համար։ 

«Եվ այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով։ Եվ մենք, որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակությւոն, ակնկալում եք ձեզանից յուրաքանչյուրի, որպես միջազգային հանրության ներկայացուցչի աջակցությունը այս հարցում։ Որովհետեւ սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրավակարգի խնդիր է։ Հարգելի նախագահողներ, խնդրում եմ թուլ չտալ որեւէ մեկին այստեղ օգտագործել իռեդենտիստական, ագրեսիվ տերմիններ։ Անթույլատրելի է Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան անվանելը, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու», - ասել է Ռուբինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել