Հայաստանում սպորտային մեդիաների պատմության մեջ առաջին անգամ տեղից կլուսաբանվի մարմնամարզության աշխարհի նախաօլիմպիական առաջնությունը: Տարվա սպորտային կարևորագույն այս իրադարձությունը կկայանա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը: to.sport FM 96.3-ի թղթակից, մարզական լրագրող, հաղորդավար Շուշանիկ Հակոբյանը մեկնելու է մարզիկների հետ մրցումների, որպեսզի հենց տեղում լուսաբանի սպորտային իրադարձությունը, զրուցի մրցումների մասնակիցների հետ ու ներկայացնի բացառիկ մանրամասներ։
«Լուսաբանումը կարևոր է, որովհետև իրենց ելույթներին ու հաղթանակներին զուգահեռ անհրաժեշտ է, որ մեր մարզիկները զգան՝ ուշադրության կենտրոնում են: Շատ ոգևորիչ է, երբ հավաքականի անդամները մրցավայրում տեսնում են՝ հայկական լրատվամիջոց է եկել ներկայացնելու նրանց հաջողությունները:
Երբ լրագրողը տեղում չի լինում, տեղեկատվությունը սահմանափակվում է միայն պաշտոնական հաղորդագրություններով, իսկ այս անգամ կկարողանանք ներկայացնել մեր մարզասերին, թե ինչ կա ելույթների ու հաղթանակների հետևում, ինչ ճանապարհ են անցնում մարզիկները»,- BlogNews.am կայքի հետ զրույցում ասում է Շուշանիկն ու հավելում, որ բոլոր սոցիալական հարթակներում ապահովելու են լուսաբանումը, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա շեղվել իրականությունից ու տեղեկանալ մեր հայ մարզիկների հաջողությունների մասին:
Մարմնամարզության աշխարհի մեծահասակների նախաօլիմպիական առաջնությանն այս տարի խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր դեպի Փարիզ: Մրցավայր մեկնել են մեզ համար առաջատար մարմնամարզիկներ՝ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Դավիթ Խաչիկյանը,Արթուր Ավետիսյանը:
«Կազմը շատ մարտական է, և եթե վնասվածքները չխանգարեն, մենք ունակ ենք նվաճելու օլիմպիական ուղեգրերը և այս օրերին պարգևել մեր հասարակությանը մի փոքր լույս, ուրախություն»,-նշում է Շուշանիկն ու նկատում, որ արդեն երրորդ աշունն է Աշխարհի առաջնությունները համընկնում են մեզ համար շատ ծանր ժամանակահատվածի հետ, և մեր մարզիկների վրա ընկնում է կրկնակի պատասխանատվություն, իրենք պետք է հաղթահարեն և՛ իրենց ներքին հոգեբանական խնդիրները, և՛ այնպես ելույթ ունենան, որպեսզի չավելացնեն բեռը, այլ մի փոքր էլ ուրախացնեն ու փորձեն սփոփել իրենց հաղթանակներով:
Իր խոսքը եզրափակելով Շուշանիկը նկատում է, որ մինչև 2019 թվականը հայ մարզիկների հաղթանակներին մարզասերները վերաբերվում էին ավելի քիչ ոգևորությամբ, քան հիմա՝ այս ժամանակահատվածում: Եվ այսպիսով, ավելի պատասխանատու ու կարևոր է դառնում այդ հաղթանակների լուսաբանումը:
to.sport FM 96.3-ը հայկական մեդիայի առաջին սպորտային ռադիոն է, որը ջանք ու եռանդ չի խնայում ձեռքը սպորտային կյանքի զարկերակին պահելու ու հայ մարզասերներին պատշաճ տեղեկատվություն մատուցելու հարցում: Սպորտային առաջին ռադիոյի կոնտենտը կգտնեք սոցիալական հետևյալ հարթակներում՝
Instagram` https://www.instagram.com/to.sport.fm96.3/
Facebook` https://www.facebook.com/to.sport.fm96.3