Հայ առաքելական եկեղեցին, տարբերվում է բոլոր քրիստոնյա եկեղեցիներից իր Սրբալույս Մյուռոնի առկայությամբ:
Բոլոր եկեղեցիներն օծում ունեն, բոլոր եկեղեցիները դրոշմ ունեն, բայց Սրբալույս Մյուռոնով դրոշմ ունի միայն Հայ Առաքելական Եկեղեցին: Եւ սա մեծ ԽՈՐՀՈՒՐԴ է, այնքան մեծ խորհուրդ, որ հաճախ ըմբռնել ունակ չենք, որովհետեւ ՄՅՈՒՌՈՆԸ, ԳԱԼԻՍ Է ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՑ:
Ավանդությունն ասում է, որ առաքյալները՝ Թադեոս, Բարդուղիմեոս իրենց հետ բերեցին Հայաստան այն անուշահոտ յուղից, որով կինը լվաց Քրիստոսի ոտքերը կամ այն յուղից, որով Ինքը պատանքվեց, եւ այդ յուղը հասավ մինչեւ Գրիգոր Լուսավորիչ:
Առաջին Մյուռոնն օրհնեց Գրիգոր Լուսավորիչը, եւ խառնեց նաեւ այդ յուղից:
Սուրբ Գրիգոր Լուսավորչից այս կողմ, ինչքան Հայրապետներն օրհնել են Սրբալույս Մյուռոնը, միշտ հին Մյուռոնը խառնվել է նոր Մյուռոնին: Ուրեմն այսօր, երբ մենք այս Սրբալույս Մյուռոնով դրոշմվում ենք, այդ Սրբալույս Մյուռոնի մեջ կա խմորն այն յուղի, այն Մյուռոնի, որ Քրիստոս օծվեց: Այն յուղի, այն մյուռոնի, որ Գրիգոր Լուսավորիչն օրհնեց, որովհետև յուղը միշտ խառնվում եւ խմորվում է, եւ միշտ հինը կա, ներկա է:
Եւ ուրեմն, սա ցույց է տալիս՝ մեր հարատեւությունը, մեր շարունակականությունը, մեր հավիտենականությունը, եւ ոչ միայն այսօր մեզ կապում է մեր անցյալի հետ, այլ նաև կապում է ապագայի հետ: Կապում է նրանց հետ, ովքեր դեռ չեն ծնվել, որոնք պետք է ծնվեն մեզանից հարյուր տարի հետո, հարյուր հիսուն, երկու հարյուր տարի հետո …
Այս Սրբալույս Մյուռոնով մենք կապված ենք նրանց հետ, որոնք դեռ չկան: Բայց Աստծո մտքում, և Աստծո մշտնջենական ներկայի մեջ իրենք էլ ներկա են:
Սրբալույս Մյուռոնի այս շարունակականությունը, որը զոդում է ողջ հայկականությունը՝ հին, նոր, ներկա, ապագա կապում է մեզ բոլորիս, միացնում է մեզ բոլորիս: Շատ մեծ խորհուրդ ունի Սրբալույս Մյուռոնը…
Եւ չկա մեր կյանքում ավելի մեծ խորհուրդ շոշափելի, եթե ոչ Սրբալույս Մյուռոնը:
Այսօր էլ ի՞նչն է կապում հային՝ Չիլիից մինչև Նոր Զելանդիա: Սրբալույս Մյուռոնը, որով բոլորս դրոշմվում ենք նույն տեղից ծագած, նույն տեղից բխող…
Իսկ մնացած բոլոր եկեղեցիներն, ամեն մի քահանա ձեթն իր համար օրհնում է առանձին եւ ձեթով դրոշմում է: Չկա այն խորհուրդն ինչը մենք տվել էինք Սրբալույս Մյուռոնին:
Սրբալույս Մյուռոնը մեզ շաղախող, մեզ ամրացնող ամենակարեւոր շաղախը եւ օղակն է: Եւ բնականաբար, ամեն մի Հայրապետ, երբ օրհնում է Սրբալույս Մյուռոնը եւ խառնում է նախորդ Հայրապետների օրհնած Մյուռոնը այս նոր Մյուռոնի հետ, այդ շաղախն է որ ապահովում է:
Ըստ այսօրվա ընկալյալ սովորության, յոթ տարին մեկ Սրբալույս Մյուռոնն օրհնվում է: Բայց նաև ամեն մի նոր Հայրապետ, որ գահ է բարձրանում, ինքը կարող է Սրբալույս Մյուռոնն օրհնել, չսպասելով որ յոթ տարին լրանա: Որովհետև Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, նաև Հայրապետական իշխանության վավերականության խորհրդանիշն է:
Հայրապետը միայն իշխանություն եւ իրավունք ունի Սրբալույս Մյուռոն օրհնելու: Դարձյալ եզակի մի բան , որ մեր Հայ առաքելական եկեղեցում է:
Այն, որ մենք ժառանգել ենք քահանայական եւ թագավորական օծման այդ միախառնումը Սրբալույս Մյուռոնի միջոցով, սա մեզ ԵԶԱԿԻ ԱԶԳ Է ԴԱՐՁՆՈՒՄ:
Առաջ, երբ Մյուռոն էր օրհնվում, հազարավոր մարդիկ ոտաբոբիկ քայլում էին դեպի Էջմիածին, հպվելու այդ Մյուռոնի կաթսային հեռվից, դիտելու այդ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը, եւ ապրելու այդ խորհուրդը:
Երբ Սրբալույս Մյուռոնը տասներկու Եպիսկոպոսներով Հայրապետը օրհնում է, եւ նաև օրհնում է Գրիգոր Լուսավորչի աջով, Կենաց Խաչի մասունքով, Գեղարդով որով խոցվեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հրաշագործություններ են կատարվում, ինչպես նաեւ Մյուռոնի հրաշալի բուրմունքը պատում է չորս բոլորը… մարդիկ ոտաբոբիկ էին գնում, հազարավոր մարդիկ լցնում էին Մայր Աթոռի շրջափակը :
Այսօր ամեն ինչ զարգացել է: Մեքենաներ կան, հնարավորություններ կան, ավելի հեշտ է, ոտաբոբիկ գնալու անհրաժեշտություն չկա: Սայլերով, էշերով, ջորիներով գնալու անհրաժեշտություն չկա, բայց այսօր ավելի քիչ են մարդիկ գնում, որովհետև ոչ թե պարզապես քրիստոնյա չեն, այլ որովհետև նյութականացված են:
Իրենք նյութական արժեքների, նյութական արժեքներ ստեղծելու, եւ նյութական արժեքներ ձեռք բերելու մրցավազքի մեջ մոռացել են հոգեւորն ու հոգեւորի խորհուրդը:
Պետք է վերագտնել հոգեւորի խորհուրդը գեթ յոթ տարին մեկ:
Եւ ես խորհուրդ եմ տալիս բոլոր բոլորին, գնալ եւ լցնել Էջմիածինը, ապրել Սրբալույս Մյուռոնի այդ խորհուրդը, որը յոթ տարին մեկ է լինում: Եւ գոնե յոթ տարին մեկ ապրել այդ սքանչելիքը, որը կոչվում է՝ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ:
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպս. Աջապահյան
Շիրակի Թեմի Առաջնորդ
Պատրաստեց՝ Յ.Սանդոյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել