Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին: Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար:
Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում:
Մենք բազմիցս ենք ընդգծել մեր դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ցեղասպանության կանխարգելման սկզբունքների վրա: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ուստի, անտեղի են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հակադրման փորձերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել