ArmLur.am-ը գրում է․

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում՝ Մերգելյանի պուրակում սպանությունից։

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վիճաբանողները հիշել են 2016թվականին բանակում մեկը մյուսին նեղացնելու պատմությունը։

Մասնավորապես՝ 2016թ ծառայության ժամանակ սպանված Ա․ Հակոբյանի մորաքրոջ որդու ընկերոջ կողմից Դ․Գրիգորյանին «նեղացնելու» հարցն է եղել թեման։ Հիշել են հին պատմությունը, վիճաբանել են, ինչի ժամանակ էլ սպանվել է Արմեն Հակոբյանը։

Ի դեպ մեզ հասած տեղեկությունների սպանված Արմեն Հակոբյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել է շատ վաղուց: Նա անցնում է 3 դեպքով՝ մասնավորապես 2017 թվականին զինամթերքի առգրավման, խարդախության եւ թմրանյութի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի գործով։

Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր,որ օգոստոսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի «Մերգելյանի» պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանն է։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում «Մերգելյանի» պուրակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գ․-ի միջև, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Ա․ Հակոբյանի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել