1992-ի վերջն ու 1993-ի սկիզբը Արցախի ամենադժվար ժամանակներից մեկն էր։ Շուրջբոլորը մարտեր էին, ավերածություններ, կորուստներ ու անորոշություն։ Բայց Արցախում ապրելու ու հաղթելու կամք կար։ Ու դա ամենաշատը գիտե՞ք ինչպես էր երևում։ Որդեծնությամբ։ 1993 թ. դեկտեմբերին ռմբակոծվող Ստեփանակերտում ծնվեծ քույրս՝ Վարդուհին։ Հետ, երբ երեխուն դուրս մաքուր օդի էի տանում, նկատեցի, որ մեր բակում էլի նորածիններ կան։ Մի քանի նորածին։ 1993-1994թթ. Ստեփանակերտը լցվել էր նոր ծնված երեխաներով։ Ժամանակակից լեզվով ասած՝ Արցախում այդ ժամանակ բեյբիբում էր սկսվել։ Ու ես հիմա շատ վստահ եմ, որ ծնելիության այդ աճը նույնպես եղել է մեր հաղթանակը կերտող գործոններից մեկը։

Քիչ առաջ տեսա, որ Արցախի Հանրային ռադիոյի 6 աշխատակիցներ հղի են։ Նրանցից մեկը՝ Յուլիան, իմ շատ հարազատ ու սիրելի ընկերն է։ 6 կին մեկ հիմնարկից… Սա ցուցանիշ է։ Պետք է անկեղծ ասեմ՝ հիմա ես զգուշանում եմ լավատեսական կանխատեսումներից, բայց սա իսկապես ցուցանիշ է։ Ես գիտեմ, որ Արցախում ամեն բան լավ է լինելու։

Սիրելի քույրեր, թող Աստված առողջ և ուժեղ զավակներ պարգևի ձեզ։ Երեխա ունենալու ձեր որոշումն անգնահատելի է։ Միայն այդպես է հնարավոր ապրեցնել Արցախը։ Եվ դա է թշնամիներին ու դավաճաններին տրվող ճիշտ պատասխանը։ Աստծով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել