ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ին մանարամասներ են հայտնի դարձել Փարաքարում 36 ամյա տղամարդու մեքենան պայթացնելու միջոցով նրան սպանելու դեպքից: 2022 թվականի հունիսի 23-ին Փարաքար գյուղի Գետափի փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ էր ստացել Փարաքարի 36-ամյա բնակիչ Վարազդատ Բարոյանը, որը մահացել էր, պարզվել է, որ նրան մեքենայի մեջ ռումբ են տեղադրել եւ սպանել են։ Եվ ահա գործով պարզվել է, թե ինչպես են նախապատրաստել նրա սպանությունը։

Արթուր Ասատրյանը մեղադրվում է հետևյալ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ նա Յուրիկ Գրիգորյանի և վարույթով դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վարազդատ Բարոյանին սպանելու նպատակով ապօրինի կերպով ձեռք են բերել շուրջ 100 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ պարունակող անկաղապարավոր լիցքով ինքնաշեն պայթեցման սարք, որը պահել, իսկ 2022թ. հունիսի 23-ին ժամը 4-ի սահմաններում փոխադրել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Գետափի փողոց, ապա այն տեղադրել Վարազդատ Բարոյանի՝ «ՎԱԶ 21214» մակնիշի 35PM099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ նստատեղի հատվածի տակ՝ ձախ լանժերոնի հետևի հատվածում, և այն էլեկտրադետոնատորի կիրառմամբ հեռակառավարման եղանակով գործադրելով՝ պայթյունի միջոցով, այլ անձանց /շատերի/ կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել են Վարազդատ Բարոյանի սպանությունը՝ նրան ապօրինաբար դիտավորությամբ զրկել են կյանքից:

«Նորագավիթցի Ծուռ» մականվամբ Արթուր Ասատրյանը, «Թոխմախցի Յուրո» մականվամբ Յուրիկ Գրիգորյանը և վարույթով դեռևս չպարզված մի խումբ անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ Վարազդատ Բարոյանի սպանության շուրջ, որն իրագործելու նպատակով Արթուր Ասատրյանը և Յուրիկ Գրիգորյանը, ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, քրեական վարույթով դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել ինքնաշեն պայթուցիկ (պայթեցման) սարք։

Վարազդատ Բարոյանի սպանությունն իրականացնելուն օժանդակելու համար Արման Բուղդարյանը և Արսեն Հայրապետյանը քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում ձեռք են բերել համացանցային հեռավար հասանելիություն ապահովող «Beeline» ապրանքանիշի, «SM25» մոդելի «Անլար» երթուղիչ՝ «Wi Fi» սարք, «A9 WiFi mini DV» մոդելի, անլար եղանակով («WiFi» տեխնոլոգիայով), առցանց կամ իրական ռեժիմում տեսագրություններ կատարելու համար նախատեսված տեսագրիչ(տեսախցիկ), «REMAX» ապրանքանիշի «RPP-154» մոդելի և արտաքին մարտկոց է (power bank) և արծաթագույն իրաններով, միմյանց միակցված թվով 2 էլեկտրական հոսանքի կուտակիչ սարքեր, որոնցից «Wi Fi» սարքը 2022թ. մայիսի 27-ին իրենց աշխատավայրում՝ Երևան քաղաքի Կորյունի փողոցի 13 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գևորգ Օջախյանին պատկանող <<Այ Սելլ>> վաճառքի սրահում փորձարկել են՝ դրանում տեղադրելով նույն սրահի աշխատակցուհի Սյուզաննա Հակոբյանի անվամբ հաշվառված 091386301 համարի բջջային քարտը, այն միացրել են «A9 WiFi mini DV» մոդելի տեսագրիչին և հավաստիացել, որ դրանք գտնվում են սարքին և աշխատունակ վիճակում: Այնուհետև, Արսեն Հայրապետյանը, Վարազդատ Բարոյանի տեղաշարժը հեռավար տեսահսկելու և անհրաժեշտ պահին հանցավոր խմբի մյուս անդամների կողմից նրա սպանությունն իրագործելու նպատակով, «Wi Fi» սարքը նշված տեսախցիկին և երկու արտաքին մարտկոցներին միացնելով պատրաստել է հեռավար տեսահսկման սարք, որը 2022թ. հունիսի 8-ին Արման Բուղդարյանը տեղափոխել է հանցավոր խմբի հավաքատեղի հանդիսացող «Հրաշք Այգի» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածք և փոխանցել Արթուր Ասատրյանին, Յուրիկ Գրիգորյանին, Հարություն Ավետիսյանին, Լևոն Բաբայանին և մյուս հանցակիցներին:

Մինչ այդ՝ 2022թ. մայիսի 31-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, Արման Բուղդարյանը քննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք է բերել «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Գայա Տուր» ՍՊ ընկերությանը տրամադրված և նշված ընկերության անվամբ հաշվառված 041-69-13-65, 041-69-10-17 և 041-69-10-13 համարների բջջային քարտերը, «Iphone 5S» տեսակի բջջային հեռախոս, որոնք նույնպես 2022թ. հունիսի 3-ին փոխանցել է Արթուր Ասատրյանին և հանցակիցներին, որոնցից 041-69-13-65 հեռախոսահաքարտը 2022թ. հունիսի 3-ին ակտիվացվել և հետագայում գործարկվել է նույն բջջային հեռախոսում մինչև 2022թ. հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետագայում նույն հեռախոսում գործարկվել է նաև 041-69-10-17 բջջային քարտը: Արման Բուղդարյանը դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և Արթուր Ասատրյանին ու հանցավոր խմբի մյուս անդամներին է փոխանցել նաև «Iphone6S» տեսակի բջջային հեռախոս, որի մեջ հետագայում՝ 2022թ. հունիսի 21-ին գործարկվել է իր կողմից ձեռք բերված և հանցակիցներին փոխանցված 041-69-10-13 բջջային քարտը, որն այնուհետև՝ 2022թ. հունիսի 23-ին ժամը 10:30-ից մինչև

ժամը 10:32-ը գործարկվել է նաև վերը նշված «Iphone 5S» տեսակի բջջային հեռախոսում:
Նշված տեսահսկման սարքը գործարկելու համար անհրաժեշտ բջջային քարտեր՝ հանցագործության կատարման համար միջոց տրամադրելու նպատակով, Վալենտին Սարգսյանը 2022թ. հունիսի 18-ին ժամը 13-ի սահմաններում խնդրել է իր նախկին աշխատավայրի՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության Երևան քաղաքի Աբովյան փողոցի 21 հասցեում գործող մասնաճյուղի վաճառքի և սպասարկման մասնագետ Աննա Ֆարխոյանին ընդունված կարգը շրջանցելով՝ ֆիզիկապես ներկա չգտնվող օտարերկրյա երեք քաղաքացիների անվամբ երեք բջջային հեռախոսաքարտեր ձևակերպել, ստորագրել այդ անձանց փոխարեն և այդ հեռախոսքարտերն իրեն տրամադրել: Վալենտին Սարգսյանը համացանցային «Վոթսափ» բջջային հավելվածով Աննա Ֆարխոյանին է ուղարկել Բեսիկի Մոսաշվիլիի, Արամ Ղազարյանի և Բասսել Սալահի անվամբ օտարերկրյա անձնագրերի լուսանկարները, որից հետո Աննա Ֆարխոյանը, կատարելով նրա խնդրանքը, նույն օրը վերոհիշյալ անձանց անվամբ ձևակերպված 099-58-64-23, 091-52-84-19 և 043-12-64-78 համարների բջջային քարտերը հանձնել է Վալենտին Սարգսյանին, իսկ վերջինս էլ, իր հերթին, դրանք փոխանցել է հանցավոր խմբի անդամներին:

Արման Բուղդարյանի կողմից հանցակիցներին տրամադրված վերը նշված «Wi Fi» սարքի մեջ 2022թ. հունիսի 21-ին ժամը 23:50-ին հանցավոր խմբի անդամների կողմից «Հրաշք Այգի» ռեստորանայուրանոցային համալիրում տեղադրվել և գործարկվել է Վալենտին Սարգսյանի փոխանցած 099-58-64-23 բջջային քարտը:

Լևոն Բաբայանը և Հարություն Ավետիսյանը օժանդակելով հանցավոր խմբին, մյուս հանցակիցների հետ փորձել են ակտիվացնել 041-69-10-13, 041-69-10-17 և 041-69-13-65 համարների ինտերնետային փաթեթները: Մասնավորապես՝ 2022թ. հունիսի 16-ին ժամը 13.37-ին հանցավոր խմբի դեռևս չպարզված անդամը Լևոն Բաբայանի 044-87-07-75 բջջային հեռախոսահամարից զանգահարելով «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդհանուր զանգերի սպասարկման կենտրոն և օպերատորից տեղեկանալով, որ 3500 դրամ արժողությամբ ձայնային հետվճարային հեռախոսակապի ինտերնետ 10 գեգաբայթ փաթեթի ակտիվացման կոդն է *200*5#, անմիջապես հետո՝ ժամը 14:02:30-ին Արման Բուղդարյանի տրամադրած «Այֆոն 5S» տեսակի, 35031889035042 գործարանային համարով բջջային հեռախոսում ակտիվացել է 041-69-10-17 հեռախոսահամարը:
Դրանից հետո՝ 2022թ. հունիսի 16-ին ժամը 14:09-ին Լևոն Բաբայանը Երևան-Արտաշատ խճուղի 19 հասցեում տեղադրված EASYPAY ընկերության թիվ 3587 համարի տերմինալի մոտ գտնվող Հարություն Ավետիսյանի միջոցով 3.700 ՀՀ դրամով լիցքավորել է հանցավոր խմբի կողմից շահագործվող վերը նշված «iPhone5S» մոդելի բջջային հեռախոսում տեղադրված 041-69-10-17 բջջային համարի քարտը, իսկ ժամը 14:12:35-ին և 14:12:45-ին՝ նույն բջջային համարից հավաքել են *200*5# կոդը:
Հանցանքն իրագործելու համար միջոց՝ համացանցային հասանելիություն ունեցող բջջային քարտի ինտերնետային ծառայությունն ակտիվացնելու՝ հանցագործության համար միջոց և այդ միջոցին հասնելու համար տեղեկություն տրամադրելու նպատակով, նույն օրը ժամը 14.16-ին Լևոն Բաբայանն իր 044-87-07-75 բջջային հեռախոսահամարից զանգահարելով <<Յուքոմ>> ՓԲ ընկերության ընդհանուր զանգերի սպասարկման կենտրոնի 555 համարին, օպերատորից տեղեկանալով 041-69-10-17 համարի ինտերնետն ակտիվացնելու կոդերը, 4 գեգաբայթ ինտերնետն ակտիվացնելու համար այդ համարից նույն խոսակցության ընթացքում՝ ժամը 14:22:01-ին, ապա նաև ժամը 14:26:00-ին 041-69-10-17 հեռախոսահամարից հավաքել է *111*3# կոդը՝ ակտիվացնելով ինտերետային փաթեթը:

Վարազդատ Բարոյանի սպանությունն իրագործելու նպատակով Արման Բուղդարյանից, Վալենտին Սարգսյանից և քննությամբ դեռևս չպարզված անձանցից ձեռք բերելով հանցագործության կատարման համար անհրաժեշտ վերը նշված բջջային քարտերը, իրերն ու սարքավորումները, պայթուցման ինքնաշեն սարքը, հանցավոր խմբի անդամներից «Թոխմացի Յուրո» մականվամբ Յուրիկ Գրիգորյանը 2022թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերն իր ծանոթ՝ ավտոմեքենաների վարձույթով զբաղվող, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի բնակիչ Պերճ Գաբրիելյանից վարձակալել է որպես հանցագործության կատարման միջոց ծառայած «Տոյոտա Քամրի» մակնիշի 35 SN 721 համարանիշի ավտոմեքենան, որով նույն օրը` ժամը 03:14-ին «Հրաշք Այգի» ռեստորանահյուրանոցային համալիրից հանցավոր խմբի անդամները մեկնել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայր և ժամը 04:19-ին հասել այնտեղ: Մինչև ժամը 04:34-ը հանցավոր խմբի անդամները նշված ավտոմեքենայով շրջել են նույն բնակավայրի Երևանյան, Մայիսյան, Նաիրիի, Խորհուրդների, Իսահակ Գասպարյանի, Ռ.Գասպարյանի, Այգեստան և Գետափի փողոցներով՝ այդ թվում երեք անգամ Վարազդատ Բարոյանի տան՝ Գետափի փողոցի թիվ 1 հասցեի մոտով: Վարազդատ Բարոյանի տան դիմաց տեսնելով նրա եղբորը` Էդգար Բարոյանին և վերջինիս ընկերոջը, չբացահայտվելու նկատառումներից ելնելով կանգ չեն առել և հետաձգել են պայթուցիկ և այլ սարքավորումների տեղադրումը և ժամը 05:14-ին վերադարձել են «Հրաշք Այգի» ռեստորանահյուրանոցային համալիր:

Հանցանքի կատարումը հեշտացնելու և հետագայում հանցագործության բացահայտումը բացառելու նպատակով, խմբի դեռևս չպարզված անդամները 2022թ. հունիսի 23-ին ժամը 02-ի սահմաներում Պերճ Գաբրիելյանից վարձակալած ավտոմեքենայով գնացել են Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի բակ, որտեղ կայանված «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են 35 TG 623 հաշվառման զույգ համարանիշները և գնացել են «Հրաշք Այգի» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածք, որտեղ գողացված համարանիշները տեղադրել են «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ 35 SN 721 հաշվառման համարանիշների փոխարեն: Նույն օրը ժամը 03:42-ին Արթուր Ասատրյանը Յուրի Գրիգորյանի հետ վերոհիշյալ ավտոմեքենայով «Հրաշք Այգի» ռեստորանահյուրանոցային համալիրից գնացել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղ՝ իրենց հետ ապօրինի կերպով փոխադրելով պայթուցիկ սարքը, այն գործարկելու և Վարազդատ Բարոյանի շարժը վերահսկելու համար անհրաժեշտ սարքավորումները: Ժամը 04:22-ին հասնելով Արմավիրի մարզի Փարաքար գյուղ, ավտոմեքենան կայանել են տուժողիչ տան մոտակայքում գտնվող նույն գյուղի Նաիրիի փողոցի և Մերձավանի խճուղու խաչմերուկին գտնվող շինանյութի խանութի մոտակայքում: Արթուր Ասատրյանն ու Յուրիկ Գրիգորյանը քայլելով գնացել են շուրջ 250 մետր հեռավորությամբ՝ Գետափի փողոցի 1 հասցեում գտնվող Վարազդատ Բարոյանի տան մոտ, որտեղ տան դիմաց` փողոցում կայանված Վարազդատ Բարոյանին պատկանող «Վազ 21214» մակնիշի 35 PN 099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա՝ առջևի ձախ նստատեղի հատվածի տակ՝ ձախ լանժերոնի հետևի հատվածում, տեղադրել են ինքնաշեն պայթեցման սարքը: Բացի այդ, Վարազդատ Բարոյանի տեղաշարժին հետևելու և նրա սպանությունն անվրեպ իրականացնելու՝ անհրաժեշտ պահին պայթեցման սարքը գործարկելու նպատակով, նույն տնից 20 մետր հեռավորության վրա գտնվող մետաղյա սյան վրա կպչուն ժապավենով ամրացրել են վերը նշված հեռավար տեսահսկման սարքը, որում տեղադրված է եղել Վալենտին Սարգսյանի կողմից տրամադրված 099-58-64-23 հեռախոսահամարով բջջային քարտը, որից հետո նույն ավտոմեքենայով վերադարձել են հանցավոր խմբի հավաքատեղի հանդիսացող «Հրաշք Այգի» ռեստորանահյուրանոցային համալիր:

Պայթեցման սարքը և տեսախցիկը նշված վայրում տեղադրելուց հետո` մինչև 2022թ. հունիսի 23-ի ժամը 11:05-ն ընկած ժամանակահատվածում, հանցավոր խմբի անդամներն ինտերնետային կապի տարբեր միջոցներով, այդ թվում՝ խմբի անդամների կողմից օգտագործվող 041-69-10-17 և 041-69-10-13 բջջային հեռախոսահամարներով, Արման Բուղդարյանի կողմից ձեռք բերված և խմբին փոխանցված վերը նշված բջջային հեռախոսներով հասանելիություն են ստացել Վարազդատ Բարոյանի տան մոտակայքում տեղադրված հեռավար տեսահսկման սարքին ու այդ կերպ հսկել են Վարազդատ Բարոյանի տան մուտքի հատվածը, որպեսզի նրա կողմից մուտքից դուրս գալու և տան դիմաց կայանված ավտոմեքենան նստելուց հետո հեռակառավարման միջոցով հարմար պահին պայթեցման եղանակով իրականացնեն իրենց հանցավոր մտադրությունը:

2022թ. հունիսի 23-ին ժամը 11-ի սահմաններում Վարազդատ Բարոյանը դուրս է եկել իր տնից, նստել է վերը նշված իր ավտոմեքենան և ուղևորվել դեպի Նաիրիի փողոց: Շուրջ 100 մետր ընթանալուց հետո` Գետափի փողոցի 15 հասցեում գտնվող տան մոտ, հանցավոր խմբի անդամները Վարազդատ Բարոյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով հեռակառավարման միջոցով գործարկել են նույն ավտոմեքենայի վրա տեղադրված պայթեցման սարքը, որի արդյունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքից՝ բեկորների և բարձր ջերմային գործոնի տեղային ներգործությունների արդյունքում Վարազդատ Բարոյանը ստացել է գլխի, մարմնի, վերին և ստորին վերջույթների համակցված, կյանքի հետ անհամատեղելի առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող, մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող պայթյունաբեկորային վնասվածքներ և ջերմային այրվածքներ, շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան քաղաքի <<Աստղիկ>> բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը ժամը 12.05-ին մահացել է: Պայթյունի արդյունքում Վարազդատ Բարոյանի «ՎԱԶ 2121» մակնիշի 35 PN 099 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ենթակա չէ վերանորոգման, իսկ վերջինիս պայթեցման, այրման և ջերմահարման հետևանքով պատճառված նյութական վնասի չափը 2022 թվականի հունիսի 23-ի դրությամբ կազմել է շուրջ 2379000 /երկու միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար/ ՀՀ դրամ:

Եվ ահա, այս արարքի համար մեղադրյալի աթոռին են հայտնվել 5 անձ, որոնք կալանավորված են :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել