ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ը Հայաստանի և Արցախի սահմաններին ստեղծված լարված իրավիճակի, ԱԺ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ զրուցել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ:

«Այս իրավիճակը մեր իշխանությունների թույլ և անհետևողական քաղաքականության արդյունք է, այս իրավիճակից լավ սպասումներ պետք չէ ունենալ: Ամենօրյա զոհեր, նսեմացված կարգավիճակ, ստրուկի պահվածքով ապրելաոճ, սա է մեր վճարած գինը՝ իշխանությունների հայտարարած խաղաղության օրակարգի դիմաց»,-ասում է նա:

Ինչ վերաբերվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբին և զինվորականությանն ուղղված մեղադրական հայտարարություններին, թե իրենց ճիշտ չեն զեկուցել իրավիճակի մասին, Տիրան Խաչատրյանն արձագանքում է.

«Կա մի պարզ ճշմարտություն՝ եթե քեզ մի անգամ խաբում են, խաբողը հիմար է, եթե կրկնակի անգամ են խաբում, ուրեմն դու ես կրկնակի հիմար: Մարդը, որն ինչ-որ բանի համար պատասխանատվություն է կրում, երբ ներկայացնում է, թե իրենց պարբերաբար խաբել են, ուրեմն անուղղելի հիմար է, ինչքան հիմար կամ անողնաշար պետք է լինես, որ թողնես, քեզ շարունակ խաբեն: Այդուհանդերձ, ես պնդում եմ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբում որևէ մեկի մտքով չի անցել խաբի կամ սխալ ինֆորմացիա տալ իշխանությանը»,-ասաց Տիրան Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել