Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր որոշման մասին կհայտարարի վաղը` հունիսի 13–ին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այսօր մեզ մոտ լռության օր է, որպեսզի ավելորդ ազդակներ չտանք շուկայի մասնակիցներին և հասարակությանը։ Վաղն արդեն մեր որոշումը կլինի։ Շատ կարևոր կրիտիկական կետին ենք հասել. երկու տարի բարձր գնաճ ունենալուց հետո մենք հիմա ունենք մի գնաճ, որը թիրախից ցածր է, որը հիմնականում պայմանավորված է ներմուծվող պարենային ապրանքների գնանկմամբ»,– հայտարարեց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով` հատկապես ծառայություների ոլորտում, որի դեպքում տասնյակ տարիներ գնաճ չի եղել, այժմ կա գնաճ:  Պատճառը, ըստ Մարտին Գալստյանի, պահանջարկի ավելացումն է։

«Իսկ ինչպես գիտեք` ԿԲ հիմնական նպատակը պահանջարկի կառավարումն է։ Այս պարագայում տեսնում ենք, որ գնաճի ցուցանիշը 4 տոկոս է, մայիսին 12–ամսյա գնաճը 1.3 տոկոս է։ Նման ոգևորող ցուցանիշներին զուգահեռ տեսնում ենք, որ տոկոսադրույքը բարձրացնելով պհնջարկը զսպվել է, բայց մյուս կողմից տնտեսության մեջ ավելցուկային պահանջարկ կա»,– ավելացրեց նա։

ԿԲ նախագահի համոզմամբ` ստացվում է` մեր տնտեսական աճը, պահանջարկը շարունակում է լինել ավելի բարձր, քան մեր պոտենցիալն է։

Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ` 2023 թվականի վերջին սպասվում է մոտ 2,5% գնաճ։ Տարվա մնացած ժամանակահատվածում գների աճը կարող է փոքր-ինչ ցածր լինել Կենտրոնական բանկի նպատակային նշաձողից:

Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումն ու հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ 2024-ի վերջին Հայաստանում կանխատեսվում է 3.3% գնաճ։

Հաշվի առնելով գնաճի կայուն դանդաղումը և սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը` ԵԱԶԲ-ում չէին բացառել, որ Հայաստանի ԿԲ-ի հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել