Այսօր՝ հունիսի 8-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակելու է 2022 թվականի՝ հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ զրուցեցինք այս թեմայի շուրջ։

- Սահմանված ժամկետում բոլոր հայտարարատու անձինք ներկայացրե՞լ են հայտարարագրերը։

- Ոչ։ Խմբերով արդեն ունենք առանձնացված՝ ըստ գերատեսչությունների, որովհետեւ հաշվետվություններն առաջին անգամ ավտոմատացված դուրս է բերել համակարգը, եւ նաեւ համակարգը մոտավորապես ցույց է տվել, թե ով ինչ պատճառով չի ներկայացրել։ Այնտեղ հստակ ունենք, որ ծանուցումների խնդիր է եղել։ Օրինակ, խնդիր է եղել, որ, ենթադրենք,  մեյլը mail.ru սերվերի վրա գրանցված է, բայց կառավարության սերվերը սպասարկում է, օրինակ, «am» կամ «gmail», եւ այդ բոլոր տարբերակների ծանուցումները հիմնականում չեն ստացվել։ Երբ խնդիրը վեր հանվեց, հիմա արդեն առանձին գերատեսչությունների հետ հարցը կարգավորվում է։

- Կա՞ն հայտարարատուներ, որոնք անհարգելի պատճառներով են ուշացրել կամ չեն ներկայացրել։

- Հիմնական պատճառը եղել է տեխնիկական։ Այդտեղ մեծ մասը նաեւ ընտանիքի անդամներն են, որովհետեւ ինչքան էլ մենք նոր համակարգերը ներդրում ենք, զուգահեռ այդ կրթական հատվածը՝ տեխնոլոգիաների օգտագործման, դեռ կաղում է։ Մարդիկ հիմնականում օգտագործում են իրենց ընտանիքի անդամների համար նույն էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ համակարգի այս տարվա նորամուծությունը նաեւ այն էր, որ մենք իսկապես կարողանանք առանձնացնել մարդկանց քանակ, պաշտոնատար անձ, ընտանիքի անդամ, որ նույն էլհասցեով կրկնակի ծանուցումներ չգնան, եւ նոր էլհասցեները գրելիս նաեւ այդ խնդիրն ենք ունեցել, որ մարդիկ ուղղակի իրենց ծեր ծնողների, ընտանիքի անդամների մասով մի փոքր բացթողում են արել եւ, ըստ էության, նոր էլհասցեներ չեն գրանցել, թողել են հները, իսկ հին էլհասցեներով համակարգը հասկացել է, որ այդ անձն արդեն ծանուցված է, եւ չի ծանուցել։ Հիմա մյուս խումբ խնդիրներն էլ դրա պատճառով են, եւ ասել, որ ուղիղ դիտավորությամբ չի ներկայացվել, մի քիչ ճիշտ չի լինի։

- Մոտավորապես քանի՞ անձ հայտարարագիր չի ներկայացրել։

- Մոտավոր թիվ կարող եմ ասել, որովհետեւ նրանք, ովքեր չեն ներկայացրել, զուգահեռաբար ներկայացնում են։ Մոտավորապես 3 հազար 500-ի կարգի ունենք չներկայացրածներ, որոնցից կեսից ավելին վերաբերում է համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Այդտեղ էլ է խնդիր առաջացել՝ այն պատճառով, որ համայնքների խոշորացումից հետո հին բազայում առկա տվյալները մեր խնդրանքով ավտոմատացված տեղափոխվել են այստեղ, եւ այնտեղ պաշտոնյաներ կան, որոնց պաշտոնավարումը դադարեցրել են։ Եթե այդ մեծ կտորը հանենք, ապա մոտ 1000-1200-ի կարգի գործող պաշտոնատար անձինք են եւ նրանց ընտանիքի անդամները, եւ կարծում եմ, որ մինչեւ ամսի 10-12-ը կներկայացնեն։

- Ներկայացված հայտարարագրերում անհամապատասխանության դեպքերն արդեն ուսումնասիրվե՞լ են։

- Դրանք չենք ստուգել, որովհետեւ համակարգն այս պահին ավտոմատացված առայժմ կարողացել է մեզ օգնել՝ դուրս հանել չներկայացրածներին եւ այլն։ Անհամապատասխանություններին կանդրադառնանք երկրորդ փուլով։ Այս տարվա նորամուծությունը նաեւ այն էր, որ առաջին անգամ համակարգում տվյալները լրացրել էին ինքնաշխատ կերպով, այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտե, կադաստր, ոստիկանություն․․․, անձի կողմից նախորդ տարում լրացված հայտարարագրերի բոլոր այն տվյալները, որոնք ստատիկ են եւ փոփոխության չեն ենթարկվել, ավտոմատ տեղափոխվել են 2022 թվականի տարեկան հայտարարագիր։ Այսինքն՝ սխալվելու կամ անհամապատասխանության հավանականությունն այս պահին չափազանց փոքր է։ Այստեղ արդեն գալիս է խորքային վերլուծության արդյունքում անհամապատասխանություն արձանագրելու կարիք, որը լրիվ այլ գործիքակազմով է արվելու։ Այն փոքր սխալները, որոնք Դուք, որպես դիտորդ, կարողանում էիք միանգամից տեսնել, օրինակ՝ ռեգիստրում այդ մարդն ունի գրանցած կազմակերպություն, բայց հայտարարագրում չի գրել։ Այլեւս այդ տեսակի խնդիրներ չեն լինելու, որովհետեւ ռեգիստրի այդ տվյալն ավտոմատացված հայտարարագրի մեջ է տեղավորվել։ Արդեն խնդիրները թե՛ մեզ, թե՛ ձեզ համար դժվարանալու են, որ մենք կարողանանք իրական կյանքում հայտնաբերել այլ գույք, եկամուտ, ծախսեր, որոնք համակարգը հավաքելու հնարավորություն չուներ, անձն իր կամքով պիտի տար, այ, դա արդեն ավելի լուրջ խախտում է։ Վերջին շրջանում, ինչքան էլ մեզ քննադատեցին, մենք վարույթներ չէինք արել, որովհետեւ անիմաստ էր։ Օրինակ, հողամասի կեսը չգրելու պատճառով տանել վարույթների, երբ պետական մարմինն այդ տվյալը հստակ ուներ։ Հիմա բովանդակային ավելի դժվար վերլուծություն է սպասվում նաեւ մեզ։

- Այդ վերլուծություններն արվելու են հրապարակումից հետո՞։

- Այս պահին ունենք եւ շուտով դա էլ կհրապարակենք պաշտոնատար անձանց ռիսկային պաշտոններով նույնականացրած ցանկ, ովքեր այս տարի անցնելու են պարտադիր վերլուծությունը, եւ իրենց նկատմամբ խորքային վերլուծություն կանցկացվի, օրինակ՝ ծախսերի հաշվարկ եւ այլն, որոնք ձեզ գուցե տեսանելի չեն, բայց մենք տարբեր տվյալներ ու բանաձեւեր ենք օգտագործում։ Կփորձենք խորքային խնդիրներ դուրս հանել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել