Շինարարություն անելով, փոշիով, կոմունիկացիաները խարխլելով դուք ստիպում եք, որ մարդիկ 600 դոլարով պայմանագիրը կնքեն ու գնան, որ դուք նույն ժամանակ՝ դեռ փոսորակը փորած շենքի արժեքը դնեք 7000 դոլա՞ր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի բնակիչներից մեկը։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ պետությունն այդ մեխանիզմները գծում է, որպեսզի սպասարկի այս մի քանի ընկերության շահերը։ Այլ տարբերակ չի դիտարկում։ Կադաստրով տվել են գնահատող ընկերության լիցենզիա, որն իրենց հետ փոխկապակցված է։ Մենք տեղյակ ենք պահում, մեզ կանչել էին նաև վեցերորդ վարչություն։ Ասում ենք՝ դա ձեր գործն է, շեշտը դրվում է, որ համակարգային կոռուպցիա չկա», - ասաց նա։

Բնակչի խոսքով՝ եթե պետական բոլոր ենթակառուցվածքներն սպասարկում են կառուցապատող ընկերություններին, ապա հարց է ծագում՝ էլ կոռուպցիան ինչպե՞ս է լինում։

«Եթե չեք կարողանում, խնդրում եմ մեր ժամանակը մի ձգեք, դիվիդենտներ ձեզ համար մի հավաքեք, միանգամից բոլորդ պատասխանեք՝ մենք տեղյակ ենք այս հարցից, լավ ենք անում, մենք էլ ձեզնից ոչ մի պահանջ չունենանք, գնանք մեր գործողություններն անենք։ Մեզ ասում են՝ մենք մի հոգու նեղություն ենք պատճառում ի շահ համայնքի։ Հիմա ինչպե՞ս եք ամբողջ համայնքին հանում դուրս ի շահ մի հոգու», - հավելեց նա։

Բնակչի խոսքով՝ ութ տարի շարունակ այս գործով դիմումը վարույթ չի ընդունում, քանի որ այն լինելու է ի վնաս կառուցապատողի, մինչդեռ վտարման ակտերի հարցով ութ օրը մեկ նիստ է նշանակվում։

«Ասում են դատավորը գերծանրաբեռնված է, մենք էլ ցույց ենք տալիս՝ ազատ դատավորներ կան, այնքան ազատ են, որ ութ օրը մեկ կարողանում են նիստ նշանակել։ Գործը փոխանցեք մի դատավորից մյուս դատավորին, որն ավելի ազատ է», - նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել