Երեկվա հաղթանակի բերկրանքը բախտ ունեցանք վայելել մարզադաշտում: Մի վստահությամբ էի գնացել, որ մեր առաջամարտիկները անպայման պիտի հաղթեն: Գնացինք ընտանիքով, հագնվեցինք պատշաճ, ֆուտբոլկաներ հագանք` ՀՀ տարբերանշաններով, լուսանկարվեցինք դուրս գալուց առաջ, աղջնակներիս տրամադրեցի, որ մեր աջակցությունը կարևոր է, ու գնացինք: Մի առանձին հպարտությամբ անցանք աքլորահագուստ չեխերի բոլոր շարքերն ու հայտնվեցինք հայերին հատկացված տրիբունայում: Ինչպիսի՜ մթնոլորտ էր տիրում այստեղ, իսկական միաբան առանձնահատկության մի զգացում ու մոտալուտ հրաշքի սպասում: Ես այսքան չէի գոռացել, ես մի վայրկյան չլռեցի, ես խոսք էի տվել, որ մենք հաղթելու ենք, որ մենք ազգ ենք, տեսակ, ոչ ավել, ոչ պակաս:
Կախարդական թիմ ունենք, զինվորի նման մինչև վերջ կռվեցին, մինչև վերջին վայրկյանը ու հաղթեցին` ապացուցելով, որ հաղթող ենք, նույնիսկ դրսում, արդեն որերորդ անգամ:
Այս տղաներն ու իրենց մարզիչը մեզ հնարավորություն են տալիս միավորվելու ինքներս մեր շուրջ, հավատալու ինքներս մեզ ու բարձունքներ նվաճելու: «Արարատ 73»-ով սկսված սերնդի որդիներն են խաղադաշտում, առաջինը լինելու ծարավ կա նրանց ու մեր մեջ: Այսօրվա աշխարհի ճակատամարտի գոտին մարզադաշտն է, և նա, ով հաղթում է այստեղ, ոգեղեն ու անպարտելի է դառնում: Միավորվենք մեր թիմի շուրջ, ու` դեպի ապագա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել