Այսօր հայտնի դարձան ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին:
Հետազոտությունը պարունակում է մի շարք կարևորագույն ապացույցներ այն մասին, թե ինչպես է վերաբերում Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ իր վարէող քաղաքականությանը։
Եվ այսպես.
Հարցավածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ և ընդամենը 36%-ն է կարծում, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է:
Սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ամենացայտուն գնահատականներից մեկն է:
Ի դեպ, բացասական վերաբերող քաղաքացիների թիվը վերջին՝ անցյալ տարվա հունիսյան հետազոտությունից հետո աճել է 10%-ով:
Հայ ժողովուրդը պայթեցնում է նաև Նիկոլի մյուս՝ «ժողովրդավար» փուչիկը. հարցվածների ընդամենը 17%-ն է բավարարված երկրի ժողովրդավարացման տեմպերով:
Հարցվածների 42%-ը դժգոհ է, իսկ 35%-ն ընդհանրապես որևէ ժողովրդավարական փոփոխություն չի տեսնում:
Ժողովրդավարությունը ներքին և արտաքին օգտագործման լալահառաչ բրենդ հռչակած Նիկոլի համար, այս ցուցանիշը, համաձայնեք, ուժեղ հարված է:
Հարցվածների 55%-ը չի հավատում «ապագա կա» դայլայլոցներին:
Հայ ժողովրդին հուզող առաջնային և կարևորագույն հարցն իհարկե, ՀՀ անվտանգությունն է ու սահմաններին տիրող իրավիճակը, սակայն 2-րդ, 3-րդ տեղերում՝ տնտեսության, գործազրկության, աղքատության ցուցանիշները ևս շառաչուն ապտակ են երկրի «երկնիշ» տնտեսական աճով հրճվող ուսապարկերի համար:
Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է:
Այլ հարց է, որ ընդդիմության հայտնի դեմքերից ոչ-ոք ավելի բարձր ցուցանիշ չունի, սակայն Նիկոլի նման սոսկալի վարկանիշը վկայությունն է այն բանի, որ ուժեղ հանրային քաղաքական հայտ տվող ուժի պարագայում կա հանրության կողմից նման առաջնորդության (անձնական կամ թիմային) պահանջարկ:
Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ին ձայն կտար ընդամենը 21% -ը, Երևանում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 17%:
Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի առաջատարը ՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերում:
Բոլոր հանրային պետական կառույցներից ամենամեծ գոհունակությունը հայ ժողովուրդը հայտնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց, ի հեճուկս ընդդեմ եկեղեցու իրականացվող լայնածավալ ու լկտի արշավի:
Ամենացածր վարկանիշն ունեն Նիկոլի քաղաքական ճնշումների գործիք դարձած Դատախազությունը, բռնազավթված Սահմանադրական դատարանը, բռնակցված դատարանները, նախավերջին տեղում խայտառակ ԱԺ-ն է, իսկ վերջին տեղում ՝ Նիկոլի դրածոյով ղեկավարվող ԲԴԽ-ն:
«Վարչապետի» գրասենյակի աշխատանքներից դժգոհությունը հասել է 61%-ի, իսկ ՄԻՊ-ից ՝ 45 %-ի:
Բանակի ղեկավարությունից դժգոհ է հարցվածների 74 %-ը, իսկ 69%-ը արձանագրում է ՀՀ կողմից ԼՂ նկատմամբ վարվող քաղաքականության հետընթաց:
Ի հեճուկս Նիկոլի պրոպագանդայի, հարցավածների կարծիքով Լաչինի միջանցքի փակումն այս կառավարության ամենամեծ մեղքերից ու անհաջողություններից մեկն է վերջին վեց ամսվա ընթացքում:
Կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի առաջընթաց տեսնում է ընդամենը 9%-ը, իսկ տեսանելի հետընթաց՝ 13%-ը:
Հարցվածների 41%-ը կոռուպցիան դիտարկում են լրջագույն խնդիր Հայաստանի համար ի հակադրություն Նիկոլի հակակոռուպցիոն «լոլոների», 32 %-ը դիտարկում է լուրջ խնդիր:
Այսինքն՝ հարցվածների 73 %-ի համար Հայաստանում առկա կոռուպցիան դիտարկվում է որպես լրջագույն խնդիր:
Ավելին՝ հարցվածների 39%-ը կարծում է, որ իշխանությունների կոռումպացվածության մակարդակը նույնն է մնացել, իսկ 21%-ը, որ անգամ ավելացել է:
Ի մի բերելով այս տվյալները կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի անձնական և քաղաքական վարկանիշը գահավիժել է:
1. Հայ ժողովուրդը Նիկոլին չի վստահում:
2. Հայ ժողովուրդը կարիք ունի նոր քաղաքական առաջնորդության:
3. Նիկոլի կողմից վարվող ոլորտային քաղաքականությունները, անկախ պաշտոնական զնգուլակավոր PR-ից, տապալված են:
4. Հայ ժողովրդի համար կարևոր են մնում ազգային հարցրեն ու ինստիտիուտները:
Մասնավորապես ՝ Արցախն ու եկեղեցին:
Հայ ժողովուրդն այլեւ չի ուզում Նիկոլ Փաշինյանին, բայց դեռևս չգիտի, թե ում է ուզում:
Հ.Գ. Ամբողջական հետազոտության հղումը՝ մեկնաբանությունների բաժնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել