Aravot.am-ը գրում է.

Մարտի 30-ին Վայք համայնքի Սերս բնակավայրի բնակիչ Արմեն Բենիամինյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Արենի համայնքի աշխատակազմի ղեկավար, համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ. Սիմոնյանը հարվածել է իր անչափահաս որդու ծոծրակին, իսկ նախկին կնոջ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Է. Մանուկյանը, իրեն ծեծի է ենթարկել՝ հարվածներ հասցնելով գլխին: Ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Սիմոնյանը Aravot.am-ին պատմեց, որ Բենիամինյանը ալկոհոլի հետ սեր ունեցող անձնավորություն է, ու տարիներ առաջ էլ ալկոհոլի ազդեցության տակ մեքենայի ղեկին վթարի ենթարկեց իր հետ մեքենայում գտնվող կնոջն ու փոքրիկ երեխային.

«2 տարի առաջ հարբած ղեկին է եղել, մեքենան վթարի է ենթարկվել, կողքին նստած է եղել կինը՝ գրկում 5 տարեկան երեխան, որը տեղում մահացավ: Կինն էլ հղի էր, կորցրեց նաեւ այդ երեխային ու հրաշքով ողջ մնաց: Այդ դեպքից հետո ամուսինը կնոջը տանից հանել է դուրս, երկու դպրոցահասակ տղաներին էլ ինքն է պահում»:

Գեւորգ Սիմոնյան Մեր զրուցակիցը պատմեց, որ միջադեպը եղել է մոր հետ տղաների հանդիպումը կազմակերպելու ժամանակ, որը տեղի է ունեցել վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրում: Այդ օրը, ըստ Սիմոնյանի, Բենիամինյանը նորից հարբած է եղել ու սադրել, կռիվ հրահրել:

Թեեւ նախապես խոստացել է դատարանում, որ չի խանգարի նախկին կնոջ հետ երեխաների հանդիպմանը, սակայն հանդիպման օրը անընդհատ շտապեցրել է երեխաներին՝ ասելով, թե տեղ ունի գնալու: Ամենավերջին անպարկեշտ հայհոյանքներն է հնչեցրել, հետո վեճի բռնվել նախկին կնոջ եղբոր հետ, որին միջամտել է նաեւ նրա դպրոցահասակ որդին՝ հայհոյանքներ ու հարվածներ հասցնելով քեռուն.

«Այդ երեխաներն ամբողջությամբ հոր ազդեցության տակ են, ասեմ, որ մոր հետ հանդիպումից էլ առանձնապես ուրախ չէին: Ես ընդամենը, երբ տեսա՝ ինչպես է այդ երեխան հարձակվել քեռու վրա, նրան ձեռքով հետ պահեցի, ականջին էլ շշնջացել եմ՝ մայրդ է այստեղ: Քեռուն հայր եւ տղա այնքան հարվածեցին, որ նա գլխի շրջանում վնասվածքներ է ստացել, արյուն էր գլխից գալիս: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, քննությունը թող պարզի, ես հարվածե՞լ եմ, թե՞՝ ոչ: Կամ ով, ինչ մեղավորության բաժին ունի»:

Արմեն Բենիամինյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այսօր դատաբժշկի մոտ է եղել: Ըստ նրա՝ դատաբժիշկն արձանագրել է՝ ամբողջ երեսն ու աչքերը կապտուկների մեջ են: Նա պնդեց, որ Սիմոնյանը ստում է, թե որդուն չի հարվածել, տղայի ձեռքերը բռնել են, հետո՝ ծոծրակին տվել, ասաց նաեւ ծեծել են.

«2 օր գլխացավից երեխուս աչքերը կարմրել էին… հլը ինձ խփեցին, ջհանդամ, էն ով է, որ երեխուս ծեծի»: Ալկոհոլի հետ սեր ունենալու մասին տեղեկությանն էլ հակադարձեց, որ նախկին կինն է ալկոհոլիկ, ասաց՝ օղին շշերով էր խմում: Բացի ալկոհոլիկ լինելուց , ըստ մեր զրուցակցի, նաեւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, մեկ տարի բուժում է ստացել:

Ըստ Բենիամինյանի՝ նախկին կինն իր դեղերը լցրել էր մուրաբայի մեջ ու փորձ արել կերակրել երեխաներին, մայրն է կանխել: «Հլը, որ սաղ եմ թողել իրենց, լավ է… եթե ներողություն խնդրեն, թքած ունեմ, կանցնի, կգնա: Իսկ եթե տեսնեմ՝ չարաշահում են, դիմելու եմ դատարանով ալիմենտ պահանջեմ, որ լեզուները կարճանա»,- եզրափակեց Բենիամինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել