«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarkt-ի։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո և այդ ցուցանիշով նա լավագույնն է հայ ֆուտբոլիստների շրջանում (նշենք, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆուտբոլիստներին)։

Երկրորդն այս ցուցանիշով «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո)։

«Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով և այժմ կազմում է 2 մլն եվրո։ Նա այդ ցուցանիշով այժմ արդեն 5-րդն է այս ցուցակում, իսկ 4-րդ տեղը զբաղեցնում է «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը (2,2 մլն եվրո)։

Հայաստանի հավաքականի նորեկներից ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Նաիր Տիկնիզյանը՝ 2 միլիոն եվրո։ «Ուրարտուի» կիսապաշտպան Իվուի տրանսֆերային արժեքը կազմում է 350 հազար եվրո և այդ ցուցանիշով նա լավագույնն է Հայաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստների շրջանում (նա ազգությամբ նիգերիացի է, սակայն վերջերս ստացել է հայկական անձնագիր)։ «Բավարիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 325 հազար եվրո, Դավիդ Դավիդյանի («Փյունիկ») տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 հազար եվրո, իսկ Գեորգի Հարությունյանի («Կրասնոդար-2»), Երջանիկ Ղուբասարյանի («Նոա») և Էրիկ Փիլոյանի («Ուրարտու») տրանսֆերային արժեքը՝ 50 հազարական եվրո։

Ընդհանուր առմամբ՝ 11 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 միլիոն եվրոյի սահմանը։ Ավելացնենք, որ Transfermarkt-ը վերջին շաբաթվա ընթացքում թարմացրել է թոփ լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել