Մարտի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել գործարարկապերի, ինչպես նաև մշակութային, կրթական և գիտական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Խորհրդակցությունների ավարտին Յարոսլավ Կուրֆյուրստին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել