Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի՝ այսօր՝ մարտի 20-ին, կայացած բաց մարզումից հետո հայ լրագրողների հետ առաջին անգամ շփվեց ընտրանու նորեկ, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը:

«Նախքան հարցազրույց տալը ցանկանում եմ ներողություն խնդրել, որ խոսում եմ ռուսերեն, դա այնքան էլ գեղեցիկ չէ, բայց ժամանակ չեմ ունեցել սովորելու, կարծում եմ՝ ապագայում կշտկեմ այս բացը: Տպավորություններս շատ դրական են: Ինձ շատ ջերմ ընդունեցին: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր եկել էին օդանավակայան: Կարծում եմ՝ դա ուլտրասն էր: Նրանք ֆայերներ էին վառել, դիմավորում էին: Իսկապես, ինձ շատ հաճելի էր, շատ շնորհակալ եմ:

Ե՞րբ որոշեցի, թե՞ ինչպես որոշեցի միանալ Հայաստանի հավաքականին: Արթնացա ու հասկացա, որ պետք է գամ Հայաստան: Ընդհանրապես, վաղուց էի մտածում այդ մասին, մոտավորապես մեկուկես տարի առաջվանից, բայց վերջնական որոշում կայացրել եմ այս տարվա հունվարին:

Կարծում եմ՝ մեկնարկի համար ավելի լավ խաղ պատկերացնել հնարավոր չէր, քան Թուրքիայի հետ հանդիպումն է: Դա ամենասկզբունքային մրցակիցն է Հայաստանի համար, որ կարող էր լինել: Ամբողջ թիմը հասկանում է պատասխանատվության մակարդակը: Առավել ևս, որ այսօր մարզմանն այսքան մարդ էր եկել: Ես կարծում եմ, որ խաղին 10 անգամ ավելի շատ կլինեն: Մենք պարզապես պարտավոր ենք դուրս գալ, կռիվ տալ, միավորվել մեր երկրպագուների հետ ու հասնել անհրաժեշտ արդյունքի: Աստված տա՝ մեզ դա հաջողվի:

Չգիտեմ՝ կարո՞ղ եմ արդյոք տակտիկական բաներ բացահայտել: Ամեն դեպքում, մարզիչն ինձ տեսնում է ձախ եզրում, ինչպես որ ես խաղում եմ իմ թիմում: Ուստի, ֆուտբոլային հարցերի տեսանկյունից ադապտացիայի խնդիր չեմ ունենա: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Տիկնիզյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել