Գեղարքունիքի մարզում երեկ՝ մարտի 15-ին, պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հայտում է Shamshyan.com-ը։

Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն են կատարել Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարծքում։ Գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ պարեկները նկատել են նույն բանակավայրի բնակիչ 28-ամյա Նարեկ Ա-ին։ Վերջինս գտնվել է ճանապարհի միջնամասում։ Եվ երբ պարեկները նրա կողքով անցնելիս են եղել, Նարեկ Ա․-ն հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին։

Պարեկները կայանում են իրենց ավտոմեքենան, ապա մոտենում Նարեկ Ա․-ին, ներկայանում ու պարզելու համար հարցնում, թե ինչի համար է հայհոյանքներ հնչեցնում իրենց հասցեին։ Սակայն նա շարունակում է հայհոյանքներ տալ։ Պարեկները Նարեկ Ա․-ին հայտնում են, որ հայհոյանքներ հնչեցնելու համար նրան կարող են տեղափոխել Ոստիկանություն։ Ու հորդորում են, որ դադարեցնի հայհոյանքներ տալը։ Բայց այդ պահին մոտենում է նրա հայրը՝ 53-այա Վալենտին Ա-ն, ով սկսում է հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել ծառայություն կատարող պարեկներին։

Դրանից հետո Արծվանիստ բնակավայրի բնակիչներ՝ 27-ամյա Նարեկ Ե․-ն, 27-ամյա Անդրանիկ Ա․-ն և 25-ամյա Կառլեն Հ․-ն են մոտենում նշված վայր ու քաշքշում պարեկներին։ Նրանցից մի քանիսը ձեռքերով հարվածներ են հասցնում դասակի հրամանատար Գրիշա Գ․-ին և ավագ պարեկ Սամվել Ս․-ին։

Այնուհետև՝ կարճ ժամանակ անց, ահազանգով ժամանած Ոստիկանության Մարտունու բաժնի և Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կարողանում են բոլորին տեղափոխել Ոստիկանության Մարտունու բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մենք կապ հաստատեցինք Արծվանիստի համայնքապետի հետ, սակայն նա ասաց, որ դեռեւս տեղյակ չէ մանրամասներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել