Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունից ելնելով, առաջիկայում սպասվում է մեկօրյա աշխատանքային այց Դոհա, որտեղ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպելու եմ Քաթարի վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ:
Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օգտագործում և շարունակելու եմ օգտագործել բոլոր հարթակները՝ թե՛ առցանց, թե՛ անմիջական հանդիպումների ձևաչափով, որպեսզի բարձրաձայնեմ Հայաստանի և Արցախի քաղաքացիների ոտնահարված իրավունքները՝ հստակ ակնկալելով, որ Ադրբեջանը պիտի պատժվի որպես ագրեսոր պետություն:
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, 120 000 հայի պատանդի կարգավիճակում պահելը, Արցախում հումանիտար աղետի առաջացման նկրտումները պետք է դատապարտեն և կանխարգելիչ գործուն քայլեր ձեռնարկեն աշխարհի բոլոր պետությունները:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել