Tert.am-ը գրում է․

Ռուսաստանում միլիարդատերերի թիվը 2022 թվականին նվազել է՝ հասնելով 88-ի. Forbes հանդեսի 2021 թվականի վարկանիշում եղել է 123 ռուսաստանցի միլիարդատեր, մեկ տարի անց նրանց թիվը կրճատվել է մինչև 88։

2022 թվականին Ուկրաինայում տիրող իրավիճակի, արևմտյան պատժամիջոցների և տնտեսական ճգնաժամի պատճառով նրանց ունեցվածքը շարունակել է նվազել։ Ռուսաստանցի միլիարդատերերից ամենաանհաջողակը կորցրել է ավելի քան 11 մլրդ դոլար։

Հանդեսը նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց՝ մարտի 7-ին, Ռուսաստանն իր նկատմամբ սահմանած պատժամիջոցների քանակով դարձել է համաշխարհային առաջատարը։ Տնտեսական պատերազմը հարվածել է ինչպես սովորական ռուսաստանցիների, այնպես էլ երկրի ամենահարուստ ձեռնարկատերերի բարեկեցությանը։ Արևմտյան պատժամիջոցները նրանցից շատերին ստիպել են փրկել իրենց բազմամիլիարդանոց կայսրությունները, իսկ արժեթղթերի շուկայի անկումը նվազեցրել է կարողությունները: Forbes-ի տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում «աղքատացել է» 68 ռուս ձեռնարկատեր, այսինքն կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը:

Ամենից շատ գումար կորցրած ռուսաստանցիների թվում առաջատարը «Սևերստալ»-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովն է. նա կորցրել է 11,1 միլիարդ դոլար, 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ նրա կարողությունը գնահատվել է 18,4 միլիարդ դոլար։

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը կորցրել է իր կարողության մեծ մասը՝ 8,3 միլիարդ դոլար, այժմ նա ունի 4,7 միլիարդ դոլար։

Բացի այդ, «աղքատացած» միլիարդատերերի տասնյակում են Օլեգ Տինկովը, Ռոման Աբրամովիչը, Վահիտ Ալեքպերովը, Լեոնիդ Ֆեդունը, Վիկտոր Վեքսելբերգը, Գենադի Տիմչենկոն, Լեոնիդ Միխելսոնը և Իգոր Ալտուշկինը։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում միլիարդատիրոջ կարգավիճակը կորցրել է 35 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել