Lurer.com-ը գրում է.

Բրազիլիան հրաժեշտ է տվել ազգային կուռքին՝ համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեին։ Երկար հերթեր են գոյացել Santos Urbano Caldeira մարզադաշտի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ֆուտբոլի արքային:

Էդսոն Արանտես դու Նասիմենտո Պելեն մահացել է հինգշաբթի օրը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Բրազիլիայում, որտեղ Պելեն կենդանության օրոք հայտարարվել էր «ազգային հարստություն», նրա մահից հետո եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ երկուշաբթի օրը նրա հարազատ «Սանթոս» ակումբի մարզադաշտում հրաժեշտի արարողություն է անցկացվել։

Պելեի աճյունը երթով մեքենաների ուղեկցությամբ տեղափոխել են փողոցներով։ Ամբողջ երթուղու երկայնքով նրան ուղեկցել են հազարավոր երկրպագուներ, ովքեր նախապես սպասում էին ճանապարհի եզրերին։

Աճյունը տեղափոխում էին, մասնավորապես, Պելեի որդին՝ Էրդինյոն, և հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Զե Ռոբերտոն, ով որոշ ժամանակ հանդես է եկել նաև «Սանթոս» ակումբում։

Մարզադաշտը զարդարված է եղել դրոշներով, ծաղկեպսակներով, ծաղիկներով և պաստառներով։ 

Պելեի 100-ամյա մայրը, ով վատառողջ է, նույնպես մարզադաշտ է եկել՝ սիրելի որդուն հրաժեշտ տալու։ Ներկա են եղել նաև ֆուտբոլիստի կինը՝ Մարսիա Աոկին, ում հետ նա ամուսնացել է 2016 թվականի հուլիսին։

Պելեին հրաժեշտ տալու է եկել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «Մենք ցանկանում ենք կոչ անել աշխարհի բոլոր երկրներին իրենց ֆուտբոլային մարզադաշտերից մեկն անվանակոչել Պելեի անունով»,- ասել է նա։

            
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել