Azatutyun.am-ը գրում է.

Ազատությունը գրում է, որ Թումանյան համայնքի 3 միլիարդ դրամանոց ճանապարհի շինարարության նոր հաղթողն արդեն հայտնի է։ Ճանապարհային դեպարտամենտը մեկ ամիս առաջ խզեց պայմանագիրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու հետ փոխկապակցվող ընկերության հետ, ու այժմ ընտրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը՝ Մ6 մայրուղուց մինչև Մարց ճանապարհը հիմնանորոգելու համար։

Մրցույթին մասնակցած 6 կազմակերպություններից հենց «Եվրոասֆալտն» է ամենացածր գնային առաջարկն արել՝ 8300 դրամով պակաս, քան հաջորդ ցածր գին առաջարկած «Գլավդորստրոյ»-ը։

37 կմ ճանապարհի հիմնանորոգումը ամիսներ անց պետք է արդեն ավարտված լիներ։ Նախորդ մրցույթում հաղթած ընկերությունը, սակայն, այդպես էլ որևէ աշխատանք չէր արել՝ստիպելով թումանյանցիներին մի քանի անգամ բողոքի ցույցեր անել։ Նոր մրցույթին մասնակցել էր նաև ծրագրի նախկին կապալառուն՝ «Լեոպոլդ և ընկերները», որը, սակայն, ամենաբարձր գինն է առաջարկել։ Ինչո՞ւ է ընկերությունը մասնակցել մի մրցույթի, որն արդեն շահել, բայց չէր կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունն ու զրկվել էր դրանից։ Ավելին, տարածքային կառավարման նախարարությունը դիմել է լիազոր մարմնին՝ «Լեոպոլդ և ընկերներ» կազմակերպությանը ճանապարհաշինարարների սև ցուցակում ներառելու և հետագա մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկելու համար։

Ընկերության սեփականատեր Արմեն Բադալյանն Ազատությանն ասաց. - «Մասնակցել էինք, ուզում էինք տեսնել ով ա շահելու, տեսանք։ Ընդամենը դրա համար։ Ես չեմ կարծում, որ մենք խախտումներ ենք արել էդտեղ, որի արդյունքում պետք ա հայտնվեինք սև ցուցակում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել