Ես այդ գրառմանը, նաեւ այդ խնդրին տեղյակ եմ. սա շատ ցավոտ խնդիր է, որովհետեւ պատերազմից հետո, երբ հաշմանդամության կարգերը մարդկանց տրվել են, սահմանված կարգով կա ժամանակահատված, որից հետո մարդիկ պետք է անցնեն փորձաքննություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ 44-օրյա պետարազմում ոտքը կորցրած լեյտենանտ Արամ Քալանթարյանի հաշմանդամության կարգը փոխել են ու զրկել հատուցումից:

Նախարարը նշեց, որ քաղաքական որոշման արդյունքում չի տրվում հաշմանդամության կարգը. «Կա հիվանդությունների դասակարգիչ, որը հաստատվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Երբ մեր բժիշկները պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց կարգը երկրորդից դարձնում են երրորդ, դա արվում է համաձայն այդ դասակարգիչների: Այսինքն իր առողջական վիճակի մեջ տեղի է ունեցել բարելավում: Սա պետք է դիտարկել դրական դինամիկա:

Կա սահմանված կարգ, եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, կարող են դիմել վերափորձաքննության: Եթե էլի չի բավարարում, կարող են դիմել նախարարություն: Եթե դա էլ չի բավարարում, դատական կարգով կարող են բողոքարկել»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Հարցին, թե ադեկվա՞տ բացատրություն է, որ մեկ ոտքը կորցրած անձին ասում են՝ մեկ ոտքը կա եւ չունի ուղեկցող հիվանդություներ, նախարարը պատասխանեց. «Երչբ մարդը վերին կամ ստորին վերջութի ամպուտացիա է ունենում, պետության պարտականությունն է իր կենսաֆունկցիաները վերականգնելու համար միջոցներ տրամադրել: Մենք իրենց տրամադրել ենք ֆունկցիոնալ պրոթեզներ: Եթե այդ պրոթեզով իր կենսաֆունկցիան դու վերականգնել ես, դու դարձնում ես այդ մարդուն ֆունկցիոնալ, որը կարող է աշխատել, իրեն դրսեւորել: Մենք պետք է ուրախ լինենք, որ առողջական վիճակում բարելավում է եղել այս մեկ տարում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել