Հիսուս Քրիստոսի արձանը չի կարելի տեղադրել առաջին հերթին նրա համար, որ մեր եկեղեցական ավանդույթներին հակառակ է։ Այս մասին 24News-ին ասաց ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՃԱ ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը։

Հուլիսի 7-ին կառավարությունը հավանություն էր տվել Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը Կոտայքի մարզում Հատիս լեռան վրա։ Իսկ երեկ արդեն Հատիսի գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։

Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը կլինի միաբանության, համախմբման, հույսի և լույսի խորհրդանիշ: Արձանի բարձրությունը 33 մետր է, կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա։ Մայր Աթոռը կտրականապես դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը, քանի որ արձանի տեղադրումը հակասում է առաքելական եկեղեցու ավանդույթներին։ Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի խոսքերով՝ Հայ առաքելական եկեղեցին, ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, Քրիստոսի արձան չի դնում։

«Երկրորդը, այդ հսկայական արձանը դնելով ի՞նչ ենք ուզում ասել, ո՞ւմ ի՞նչ ենք ուզում ապացուցել, որ «մենք էնքան հզոր ենք, էնքան հարուստ ենք, էնքան ամենակարող ենք, Բաբելոնի աշտարակ կարող ենք կառուցել», է՞դ ենք ուզում ասել։ Դա ապացուցելու կարիք չկա, մենք այն ենք, ինչ կանք։ Եվ դրանով պետք չէ ապացուցել, այլ բաներով է պետք ապացուցել։ Եվ վերջապես մեր ճարտարապետության, մեր քանդակագործության, մեր արվեստի բնույթին դա չի համապատասխանում։ Մեր արվեստը զուսպ գեղեցկության, զսպվածության խորհրդանիշ է։ Եթե մեր ճարտարապետության օրինակներին նայեք, շատ զուսպ են, քչախոս, բայց միևնույն ժամանակ բարձր արվեստ են», - ընդգծեց Պողոսյանը։ Ակադեմիկոսի խոսքերով՝ շատախոսությունը, պճնանքը հատուկ չէ հայկականությանը։

«Իսկ Հատիս սարի վրա տեղադրելն ի՞նչ է ասելու, չեմ կարողանում հասկանալ, ոչ մի բան էլ չի ասելու։ Ոչ մի ֆինանսական օգուտ չի բերելու։ Հետո, Քրիստոսը ֆինանսական օգուտների առարկա չէ վերջիվերջո», - եզրափակեց Հրաչյա Պողոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել