- Պարոն Գրիգորյան, հայ- ադրբեջանական սահմանի ո՞ր հատվածում է կայացել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով առաջին նիստը, արդյոք այդ հանդիպմանը սահմանամերձ համայնքների ղեկավարներ մասնակցե՞լ են, և ի՞նչ կարող եք հաղորդել արդյունքների մասին:
- Հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին: Հանդիպմանը մասնակցել են հաստատված կազմերից ներկայացուցիչներ` փոխվարչապետերի գլխավորությամբ: Այս հանդիպման ընթացքում քննարկվել են միայն հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
- Ինչո՞վ է պայմանավորված, որ ադրբեջանական հանձնաժողովը բաղկացած է 23 անդամից, իսկ հայկականը՝ 12։
- Որևէ հատուկ հանգամանքով պայմանավորված չէ: Կողմերը իրենք են որոշում իրենց հանձնաժողովների կազմերը, որոնք հընթացս, կախված աշխատանքային ընթացքից, կարող են համալրվել կամ փոփոխվել:
- Հստակեցվե՞լ է, արդյոք, թե ո՞ր քարտեզների հիման վրա է ընթանալու սահմանազատման գործընթացը։
- Աշխատանքների իրականացման և մեթոդաբանության վերաբերյալ հարցեր համատեղ դեռ չեն քննարկվել և չեն համաձայնեցվել:
- Հաջորդ հանդիպումը ե՞րբ է կայանալու, որտե՞ղ և ի՞նչ կազմով։
- Որոշվել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, իսկ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ:
- Մամուլում գրվեց, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը տիրապետում է հայերենին։ Դուք նրա հետ ի՞նչ լեզվով եք շփվել։ Արդյոք հայերե՞ն է եղել ձեր շփումը։
- Մեր շփումները եղել են ռուսերենով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել