Auroranews.am-ը գրում է․

Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Վարչապետին սպասարկող թիվ մեկը բորտն անհետացել է: «Փաստինֆո» լրատվականը գրում է, որ արդեն շուրջ երկու ամիս է, ինչ անհետացել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական օդանավը՝ թիվ մեկ բորտը, իսկ կառավարությունն ու Քաղավիացիան ուղղակի հրաժարվում են տեղեկություն տրամադրել։

Auroranews.am-ը կապ հաստատեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանի հետ: 

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Վարչապետին սպասարկող թիվ մեկը բորտը չի անհետացել, ինչպես բազմիցս հայտնել են, օդանավը գտնվում է տեխնիկական զննման մեջ։ Այդ գործընթացը կազմակերպում և վարում է Հայաստանի պետական պահպանության ծառայությունը: Խոսնակը վստահեցրեց, որ թեմայի վերաբերյալ բարձրացված աղմուկն անհիմն է, չկա անհանգստանալու որևէ պատճառ կամ որևէ արտառոց բան: 

Հարցին, թե որտեղ է օդանավը, երբ կավարտվեն աշխատանքները, հստակ պատասխանել չի կարող: 

«Քանի որ ՊՊԾ-ն է կազմակերպում տեխզննումն ապա առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ տվյալ ծառայությունից: Շատ շուտով կավարտվի տեխնիկական զննումն ու կառավարական օդանավը շատ շուտով կվերադառնա, ես տեղյակ եմ, որ գործընթացն արդեն ավարտին է մոտենում»,- հավելեց  Լիլիթ Աղաբեկյանը: 

Հիշեցնենք, որ ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնական ուղեւորություն է ունեցել՝ Ռուսաստան, ապա նաեւ Նիդերլանդներ, որոնց ժամանակ օգտվել է «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավից։ Այս ամբողջ ընթացքում թիվ 1 բորտը գտնվել է և հիմա էլ շարունակում է գտնվել տեխզննման փուլում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել