168.am-ը գրում է․

Վերջին օրերին կրկին ակտիվացել են անկլավները հանձնելու մասին լուրերը, թե ՀՀ իշխանությունը պատրաստվում է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին, հանձնել Ադրբեջանին։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մայիսի 10-ին հայտարարել է, թե ՀՀ իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է, այսպես կոչված, «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։

168.am-ն այսօր զրուցել է Տիգրանաշենի դպրոցի հիմնադիր, նախկին տնօրեն Գեղամ Անդրեասյանի հետ, հետաքրքրվել, թե այս պահին ի՞նչ տրամադրություններ կան գյուղում․

«Ադրբեջանի փոխարտգործնախարարի այդ հայտարարությունից հետո գյուղում անհանգիստ տրամադրություններ են։ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի հանձնումից հետո Տիգրանաշենի բնակչության մի մասը՝ մոտ 40 տոկոսը, գյուղից դուրս եկավ, հիմա նորից անհանգիստ, խուճապային տրամադրություններ ունեն»։

Գեղամ Անդրեասյանը հիշեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ իրենց հանդիպումը, երբ իրենք մտահոգություն էին հայտնել Տիգրանաշեն գյուղի ու դպրոցի ճակատագրի վերաբերյալ․

«2018 թվականին, որ Տիգրանաշենի դպրոցի փակման հարցն էր քննարկվում, այս իշխանություններն ուզում էին փակել, ես անձամբ եղել եմ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի մոտ, հետաքրքրվել, թե ի՞նչ է լինելու մեր դպրոցի ճակատագիրը, ինքն ասել էր, որ այդ դպրոցը պետք է փակվի, այդ գյուղն էլ «օդից կախված» է։ Դե, իրենք արդեն ծրագիր են ունեցել իշխանության գալուց։ Մենք իշխանական թևին գրավոր էլ ենք դիմել, դրա բնօրինակն ինձ մոտ էլ կա»։

Դիտարկմանը, որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մաս-մաս հանձնում է Հայաստանի և Արցախի տարածքները, և որ այդ ցանկում նաև Տիգրանաշենը կա, Անդրեասյանն ասաց․

«Ես կարծում եմ, որ Փաշինյանը ոչ թե պատրաստ է հանձնել, այլ ինքը դեռ պատերազմի վերջում, երբ ինչ-որ բան է ստորագրել, այդ ժամանակ հանձնել է, եթե՝ ոչ գրավոր, ապա բանավոր է հանձնել։ Ոչ թե նոր պետք է հանձնի, արդեն այդ բանը կա, հիմա սպասում են՝ իրադարձությունները զարգանա։ Էլի եմ ասում՝ ոչ թե պատրաստ է հանձնել, այլ իրենք արդեն հանձնել են»։

Գեղամ Անդրեասյանը Տիգրանաշենի առաջին վերաբնակիչներից է և ցավ է ապրում, որ շուրջ 1 տարի է՝ չի աշխատում 1994 թվականին իր հիմնադրած դպրոցում: Իսկ աշխատանքից ազատելու պատճառն էլ այն է, որ նախորդ տարի Տիգրանաշենը հանձնելու վերաբերյալ տեղեկությունների ֆոնին իր անհանգստություններն են եղել, որոնց մասին նա բարձրաձայնել էր նաև լրատվամիջոցների հետ զրույցում․

«Նախորդ տարի այս ժամանակահատվածում էր, որ նորից Տիգրանաշենի թեման շոշափվեց, մենք անհանգստություն ցուցաբերեցինք, մի քանի անգամ հարցազրույցներ տվեցինք, ինչին հաջորդեց ազատումը։ Ես ու կինս շուրջ 28 տարի աշխատում էինք Տիգրանաշենի դպրոցում, բայց շուրջ 1 տարի առաջ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից 1 շաբաթ առաջ, մեզ աշխատանքից ազատեցին, գործը դատարանում է, բայց դեռ վճիռ չի կայացվել։ Քանի որ աշխատանք չկար, ստիպված դուրս ենք եկել գյուղից, այս պահին Երևանում վարձով ենք բնակվում, հույսով, որ դատարանը վճիռ կկայացնի, կվերադառնանք մեր տուն, մեր աշխատանքին․․․

Կոչ եմ անում մեր ժողովրդին, որ զգոն լինեն, հասկանան, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրում։ Ադրբեջանցիների նպատակը Տիգրանաշենը չէ՝ այս փոքրիկ գյուղը, այլ այդ ճանապարհը։ Ոնց որ Շուռնուխը վերցրեցին ու ճանապարհը փակեցին, հիմա նրանց նպատակը սա է, որ Տիգրանաշենն իրենցով անեն, այդ ճանապարհը փակեն․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել