Panorama.am-ը գրում է.

«Դեռևս ապրիլի 5-ին մենք Ազատության հրապարակում հրապարակեցինք մեր պահանջները, ասացինք՝ այն իշխանությունը, որ կշեղվի այս սկզբունքներից, րոպե առաջ պետք է հեռանա»,-ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցվի, մինչդեռ հայ ժողովրդի համար անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

«Դրանից հետո մենք ժողովրդին ոտքի ենք հանել ու այսօր պետք է ձևակերպենք դրա հրաժարականի հանրային պահանջը։

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։

2. Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։

3. 2021 թ. հունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։

4. Իր նախընտրական ծրագրով խոստացել է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց հիմա գնում է այդ ճանապարհով։

5. Խոստացել է տնտեսական թռիչքաձև աճ, բայց աճում են պետական պարտքը, գները և մահերը։

6. Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից մեկը ողբերգական ավարտ ունեցավ։

Պադավատապետության վերացումից էր խոսում։ Կարմիր լույսի տակ իր շարասյունի  կանգնելը, հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձն օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը և ինչպես միշտ փախավ։

Ելնելով այս ամեն ինչից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ ու պետք է հրաժարական տա»։

Հանրային պահանջը ողջունեցին ներկաները ծափահարություններով, համաձայնվեցին այն ներկայացնել որպես հանրահավաքի մասնակիցների պահանջ։

Սաղաթելյանն ասաց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մեկնել են ԱԺ այս պահանջը Նիկոլ Փաշինյանի ճակատին հնչեցնելու համար։

Ի դեպ, ելույթի սկզբում ողջունելով ներկաներին՝ Սաղաթելյանն ասաց. «Անձրև լինի շատ եք, արև լինի, շատ եք։ Ես ձեր ցավը տանեմ»։

Նա տեղեկացրեց, չնայած երեկ հայտարարել էին, որ ակցիաները սկսելու են ժամը 12-ին, շատ քաղաքացիներ ինքնակազմակերպվել էին ու վաղ առավոտյան փակել ճանապարհներ, կամուրջներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել