Hetq.am-ը գրում է.

Երեկ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալված ոստիկանը դեռևս չի հարցաքննվել: Այսօր պատրաստվում է ցուցմունք տալ: Այս մասին hetq.am հետ զրույցում ասաց ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Վերջինս վստահեցնում է, որ իրենք աջակցելու են գործի քննությանը, ինչ եղել է՝ հայտնելու են, ձերբակալման դեմ բողոք չեն ներկայացրել և չեն պատրաստվում ներկայացնել:

«Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել: Դա պետք է տեղի չունենար: Մենք ցավակցում ենք հարազատներին: Որևէ մեկը չէր ցանկանա մահվան ելքով վրաերթ կատարել: Դա անզգուշությամբ է տեղի ունենում»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը:

Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը:

Բալոյանն այս պահին իր պաշտպանյալին վերագրվող կասկածանքի առնչությամբ շատ մանրամասներ չի հայտնում, բայց պնդում է, որ ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակներում:

«Այսինքն՝ երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է տեսուչը, այդ դեպքում լուսացույցի աշխատանքը դադարում է. տեսուչն ինչպես կարգավորում է, այնպես էլ պետք է լինի երթևեկությունը: Ուղեկցման ընթացքում խաչմերուկներում տեսուչներ են եղել: Կրկնում եմ՝ երբ տեսուչն է ժեստերով և ազդանշաններով կարգավորում երթևեկությունն, այդ պահին լուսացույցով աշխատանքը չի գործում: Այսինքն՝ երթևեկության բոլոր մասնակիցները՝ ավտոմեքենաների վարորդները և հետիոտնները, պետք է ղեկավարվեն երթևեկությունը կարգավորող տեսուչի ժեստերով և ազդանշաններով»,- ասաց Բալոյանը:

Պաշտպանը չպատասխանեց հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել վթարը, ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել այն՝ նշելով, որ գործն այս պահին գտնվում է քննության սկզբնական փուլում, և նպատակահարմար չէ պատասխանել հարցերին՝ արդյոք վթարը ոստիկանի անուշադրության, թե՞ հղի կնոջ՝ երթևեկության կարգավորմանն ուղղված պահանջները չկատարելու հետևանք է:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել նաև դեպքի վայրը լքելու առթիվ, Բալոյանը պատասխանեց, որ ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտի, բայց ասում է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել