Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստակամության ազդանշաններ չեն ուղարկել՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք նման ազդանշաններ չենք ստացել: Մենք դրանց չենք էլ սպասում»,- ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով համագործակցել ՌԴ-ի մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ակտիվությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ պատահական չէ։

«Ինչպես Բրյուսելի անամոթ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով յուրացնելու ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)»,- ասել է Զախարովան։

Նա նաև վերահաստատել է Մոսկվայի հանձնառությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացմանը։

«Միևնույն ժամանակ, մենք վճռական ենք ամեն կերպ նպաստելու խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշինքի և գործընկերության կապերով», - հավելել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել