Armenpress.am-ը գրում է.

Հայկական կողմի համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ապրիլի 6-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում իր և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը:

«Հանդիպման արդյունքներում 2 հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Առաջինը՝ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանգրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է իմի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրեն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների հայկական կողմն ընդգծել է, որ դրանցում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա: «Սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը: Եվ մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ հայկական կողմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այս գործընթացում էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը, և պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ:

«Բրյուսելում հաջորդ որոշումը, որը կայացվեց մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր: Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Այս թեմայով քննարկումները, այդ թվում ՌԴ-ի միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ 1 տարի: Եվ ի վերջո այդպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք: Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են: Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պետք է առաջ շարժվել: «Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուր սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է:  Այս արձանագրմամբ սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Ընդհանուր գնահատական տալով բրյուսելյան հանդիպմանը՝ վարչապետն արձանագրեց, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, իսկ հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից: Փաշինյանը հավելեց՝ հետևողականորեն շարունակելու են առաջ տանել երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը: «Եվ պետք է առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Կրկնում եմ՝ ցավոք, դա միայն մեզնից չէ կախված: Բայց մենք աշխատանքի մեր մասը պետք է հետևողականորեն իրագործենք»,-եզրափակեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել