Փաստացի այս օրերին վճռվում է Չինաստանի ապագան: Երեկ ԵՄ արտաքին գործերի կոմիսարը կոչ արեց Չինաստանին ավելի մեծ ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, ու սա այս բոլոլայի կիզակետերից մեկն է: ԵՄ ղեկավարությունը փաստացի Չինաստանին ասում է, թե ուզում եք վաղը մյուս օրն իրար հետ բիզնես անենք, պիտի խառնվեք..., ու որ եթե Չինաստանը մնաց չեզոք, վաղը մյուս օր, առևտրային բանակցությունների ժամանակ, իրենց դա հիշեցնելու են:
Ես բազմիցս գրել եմ, թե ինչ նշանակություն ունի Եվրոպայի հետ ցամաքային ճանապարհ կառուցելու չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը: Աշխարհագրությունից տարրական գիտելիքներ ունեցողները կռահում են, որ էս պատերազմը խաչ է քաշում էդ նախագծի վրա, բայց քչերն են հասկանում այդ նախագծի իրական արժեքը: Նախագիծ, որը Չինաստանի սահմանադրության մաս է կազմում:
Չինաստանը վերջին 50 տարվա ընթացքում տնտեսական աճի ֆենոմենալ ցուցանիշներ է ապահովել, և դրա հիմքում Չինաստանի միակ ռեսուրսը հանդիսացող չինացի ժողովուրդն էր, կամ ավելի ստույգ` այդ ժողովրդի կենսամակարդակը, իսկ էլ ավելի ստույգ՝ ցածր կենսամակարդակը:
Ունենալով աղքատ բնակչության ահռելի մասսա` Չինաստանը սկսեց կառուցել իր տնտեսությունը էժան աշխատուժի մրցակցային առավելության հիման վրա: Խնդիրը նրանում է, որ Չինաստանի աշխատուժի աճի կիզակետը 2014-ին էր, դրանից հետո աշխատուժը սկսել է կրճատվել ու 2049 թվականին այն նվազելու է մոտ 200 միլիոնով, քանի որ իրենց ծնելիությունը միջին եվրոպական մակարդակի վրա է, ու 2րդ և 3րդ երեխա ունենալու թույլտվությունը իրավիճակը չի շտկում: Նույն 2049-ին Չինաստանը լինելու է աշխարհի երրորդ ամենածեր երկիրը` Ճապոնիայից ու Իտալիայից հետո, և գալիք վիրուսները, ինչքան էլ որ թիրախավորեն ծերերին, այդ իրավիճակը էականորեն չեն շտկի:
Ընդ որում, նվազում է նաև եղած աշխատուժի աշխատունակությունը, քանի որ վերջին 50 տարում իրենց միջին տարեկան եկամուտը 200-ապատկվել է ու հասել է $16,000-ի: Իսկ երբ մարդիկ սկսում են նորմալ փող աշխատել, նրանք այլևս մրցունակ չեն ցածր կվալիֆիկացիա պահանջող աշխատաշուկայում, որովհետև չկա տենց բանվոր, որ երազում ա սաղ կյանք բանվոր լինել:
Բնական է` Չինաստանը կտրուկ ավելացրել է բարձ տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորումը և փորձում է ճշգրիտ մեքենաշինության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում շուկա գրավել, սակայն դրանք այն բնագավառներն են, որտեղ շատ կարևոր է կայունությունը: Երբ որ քո երկրի ողջ տնտեսական ներուժը կախված է մի հատ փոքր նեղուցից, որը դու չես կարող պաշտպանել, դա նշանակում է, որ մեկ ակնթարթում ջուրը կարող են գնալ տրիլիոնավոր դոլարներ:
Հետևաբար Եվրոպայի հետ ցամաքային ճանապարհը կենսական նշանակություն ունի Չինաստանի համար: Եթե այդ նախագիծը իրականություն չդառնա, Չինաստանը ոչ թե կմնա զարգացող երկիր, այլ կփլուզվի որպես պետություն, քանի որ, օրինակ` Հնդկաստանն արդեն զբաղեցնում է այն նիշաները, որոնք լքում է զարգացող ու ավելի պահանջկոտ չինացի աշխատուժը: 2026-ին Հնդկաստանը գերազանցելու է Չինաստանին բնակչությամբ ու էականորեն գերազանցելու է աշխատունակությամբ:
2049 թիվը հանկարծակի չէր ընտրված: Սի Ձինպինի ծրագրի մեջ դա ոչ միայն ՉԺՀ հիմնադրման հարյուրամյակն է, այլ` այդ երկրի որակական թռիչքի վերջնաժամկետը: Եթե մինչև այդ ժամկետը Չինաստանը չկարողացավ արևմուտքի հետ մրցել բարձր տեխնոլոգիական դաշտում, ապա Չինաստանը փլուզվելու է, իսկ այդ մրցունակության անկյունաքարը Չինաստանի սահամանադրական` «մեկ գոտի, մեկ ճանապարհն» է, ճանապարհ, որը հենց հիմա պիտի կառուցվի, որպեսզի 2049-ին հասցնեն:
Բնական է` սրա մասին շատ լավ գիտեն ԵՄ արտաքին գործերի կոմիսարիատում, ու սրա հիման վրա կուտ են տալիս Չինաստանին: Ասում են` ուզում ես երազանքիդ հասնելու գոնե տեսական շանսեր ունենալ, Պուտինին գցի ճահճի մեջ, նենց արա, որ ռազմական գործողությունները դադարեցնի: Դրա դիմաց, օրինակ` Լիտվան կարա դադարեցնի Թայվանի անկախության ճանաչման պրոցեսը ու սահմանը բացի ճանապարհի համար:
Ենթադրում եմ, որ Պուտինը Սի Ձինպինին վստահեցրել էր, որ հարցը մի քանի օրվա ընթացքում է լուծվելու, ու որ անկախ ամեն ինչից Ուկրաինան գրավելուց հետո Եվրոպան ստիպված կլինի կզել, քանի որ «դրանք կռվողը չեն»: Նախ Պուտինի բլիցկրիգը չստացվեց, իսկ դրանից զատ Եվրոպան բռնեց ու իր «Տիտանին» դժոխքի անդունդից ազատեց` թույլ տալով Կանցլեր Շոլցին միանգամից մի քանի անգամ ավելացնել Գերմանիայի ռազմական բյուջեն: Ինչպես և հարյուր տարի առաջ գերմանական մեքենան արթնացվում է, որպեսզի «կոմունիստների» դեմն առնի:
Սա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին լուրջ փորձությունն է ու միանգամից ճակատագրական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել