Ռուսաստանին կամ Պուտինին հայհոյելը, հակառուսական քայլեր անելը բացարձակ չի նշանակում լինել Եվրոմիության և ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու, չի նշանակում լինել ժողովրդավար, արևմտյան արժեքների կրող, բայց հաստատ նշանակում է լինել Ռուսաստանի թշնամի։ Ուկրաինայում, և ոչ միայն Ուկրաինայում, այս պարզ ճշմարտությունը չհասկացան կամ առնվազն իրենց չհասկացածի տեղ դրեցին երկրի ղեկավարները, դրա համար էլ երկիրը հասցրեցին կործանման եզրին։
Ինչպիսի՞ն է այսօրվա Ուկրաինան կամ ինչով է տարբերվում իրենց 《նախկինների》 ժամանակվա Ուկրաինայից, կոռուպցիան է նվազե՞լ, տնտեսական և քաղաքական ազատություններն են ավելացե՞լ, դատական համակարգն է բարեփոխվե՞լ, թե ի՞նչը, իսկ կարո՞ղ է համարում են Ռադայի մեծությամբ երկրորդ խմբակցության լիդերներից Մեդվեդչուկին, ով նաև հայտնի է որոշակի ռուսամետ հայացքներով, տնային կալանքի ենթարկելը կամ ԵՄ դրոշները այստեղ-այնտեղ տնկելը նշանակում է համապատասխանություն ԵՄ կամ ՆԱՏՕ պահանջներին։ Այսքանից հետո էլ մի բան էլ զարմանում ու դժգոհում են, թե ինչու արևմտյան երկրները զորք չեն ուղարկում կռվելու Ռուսաստանի դեմ։
Պետք է հասկանալ, որ կա ռուսական անմիջական ազդեցության գոտի, որի հետ նրա հարևան երկրները հաշվի չնստել ուղղակի չեն կարող։
Հ.Գ. Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգության վրա ամենևին չի կարելի ուրախանալ, այնտեղ ապրում են և՛ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, և՛ ի վերջո տասնյակ միլիոնավոր մարդիկ։
Խաղաղություն և պատերազմի շուտափույթ ավարտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել