168.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեցին՝ արդյոք հաշվարկե՞լ են, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող սանկցիաները մեր տնտեսության վրա։ Քերոբյանը պատասխանեց, որ ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։

«Այդ բոլոր գործոններն ուսումնասիրում ենք և նաև ուղիղ կապի մեջ ենք թե՛ արտահանողների հետ, թե՛ մյուս բիզնեսների հետ, ում վրա կարող է դա անդրադառնալ, նաև դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները։ Հիմա չեմ ուզում մանրամասներ բացել, տարբեր տարբերակներ ենք քննարկում։ Մենք շատ անհանգստացած ենք իրավիճակով, ընդհանուր առմամբ, բայց նաև հենց տնտեսական առումով փորձելու ենք այնպես անել, որպեսզի մեր տնտեսվարողները քիչ տուժեն»,- ասաց Քերոբյանը։

Լրագրողները Քերոբյանին հարցրեցին նաև, թե արդյոք տեղեկություն ունի՞, թե   թշնամուն հանձնված և այս պահին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող  Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհով Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալն ի՞նչ փոփոխություն է կրել․

«Իհարկե, այդ ճանապարհի անմատչելիությունը հանգեցրել է նաև 2 երկրների առևտրի կրճատմանը, բայց կրճատվել է ոչ թե 2020-ի նկատմամբ, որովհետև 2021-ին 2020-ի նկատմամբ Իրանի հետ ունեցել ենք առևտրաշրջանառության 25% աճ և հասել ենք 500 միլիոն դոլարի սահմանաչափի։ Գիտեք, որ Կառավարությունը Սյունիքի մարզում բազմաթիվ ճանապարհաշինարարական նախագծեր է իրականացնում, թե շրջանցիկ ճանապարհների, թե ֆունդամենտալ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը․․․ Գիտեք, որ նախաորակավորման մրցույթն արդեն հայտարարվել է, և առաջիկա 70 օրվա մեջ ստանալու ենք հայտեր խոշոր շինարարական ընկերությունների կողմից, ովքեր ունակ են այդպիսի մասշտաբային ծրագիր իրականացնել, որի ընդհանուր արժեքը 1 միլիարդ դոլարին մոտ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել