Իմ հրավերով համատեղ այց Սյունիքի մարզ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու և աջակցության ծրագրեր քննարկելու նպատակով:
Սյունիքում երեխաների իրավունքների հարցերն ունեն առանձնակի արդիականություն: Հարցն այն է, որ երեխայի միջազգայնորեն երաշխավորված լավագույն շահերը կոպիտ ոտնահարված են ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով. օրինակ՝ Կապան-Ճակատեն ճանապարհի արգելափակման պատճառով անօրինական սահմանափակվել է երեխաների կրթության իրավունքը, նրանք զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից:
Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը (օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, իսկ մեկ այլ դեպքում բնակելի տներն ու կրթական հաստատությունները նրանց դիտարկման ներքո են):
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) աջակցությամբ՝ տիկին Քրիսթինե Վայգանդի հետ երեկ համատեղ այցեր ենք իրականացրել Կապանի մանկական համայնքային կենտրոն, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Տեղի է ունեցել առանձին հանդիպում Կապանի համայնքային սոցիալական աշխատողների հետ:
Կապանի մանկական կենտրոնում փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանի (Gor Tadevosyan), մանկավարժների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ քննարկել ենք մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից զրկված, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու ապրելակերպին վերաբերող աշխատանքները։
Սոցիալական աշխատողները և Կապանի մանկական կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց հետո բազմաթիվ են լինում ահազանգերը՝ կապված երեխաների անվտանգության:
Ճանապարհն ադրբեջանական զինծառայողների կողմից արգելափակվելուց հետո էլ երբ ահազանգեր են ստանում, չեն կարողանում այցելել երեխաներին, ծնողները նույնպես մեծ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ մեծ բարդություններ են առաջ եկել ճանապարհից օգտվելու հարցում:
Նշվածից բացի, քննարկումների ընթացքում արձանագրվել են ներառական կրթության ոլորտի խնդիրները: Դրանցից կարևորներից է այն, որ գրեթե բացակայում են պետության իրազեկումները, չկան ուսուցիչների բավարար մասնագիտական վերապատրաստումներ, ինչի պատճառով ոչ միայն չկա պատկերացում դրա վերաբերյալ, այլ անգամ կոնֆլիկտներ են առաջանում ներառական կրթություն ապահովող դպրոցներ հաճախող երեխաների ծնողների և ուսուցիչների միջև։
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում շրջայց են կատարել և ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրել է երեխաների համար նախատեսված դասընթացները, աշխատանքների կազմակերպումը:
Այնուհետև, այցելել ենք «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այստեղ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ միասին ծանոթացել ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների հետ կապված պայմաններին, նրանց ընտանիքներին ցերեկային ծառայությունների տրամադրմանը։ Այստեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներն արդեն իսկ կարևոր ծրագրեր իրականացրել են:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին բոլոր այցերի ժամանակ հաստատությունները ներկայացրել են իրենց կարիքները:
Կապանից բացի, այցի ընթացքում ՄԱԿ-ի գործընկերոջս ներկայացրեցի պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների պատճառով երեխաների իրավունքների խախտման փաստերը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով երեխաները չեն կարողանում հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։
Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին):
Երեխաների առաջնային շահերից է բխում նրանց անվտանգության ու կենսական իրավունքների ապահովումը:
Այցի համար կարևոր նշանակություն են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման աշխատանքները, որի ներկայացուցիչները նույնպես մասնակցել են այցերին ու քննարկումներին:
Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հարցերը:
Սյունիքի մարզում (Կապան, Գորիս և այլ համայնքներ) կարևոր միջոցներ արդեն իսկ ձեռնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և պրոֆեսիոնալ անձնակազմը:
Սյունիքի մարզ իրականացրած այս համատեղ այցի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին ուշադիր վերաբերմունքի համար և, իհարկե, նրա համար, որ անմիջապես համաձայնեց իմ հրավերին իրականացնելու համատեղ այցը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
May be an image of 6 people, people sitting and people standing
May be an image of 12 people, people standing and indoor
May be an image of 8 people, people standing, people sitting and indoor
May be an image of 5 people, people standing, people sitting and road
May be an image of 6 people, people standing and indoor
May be an image of 6 people, people standing and outdoors
May be an image of 9 people, people standing and indoor
May be an image of 4 people, people sitting and people standing
May be an image of 6 people and indoor
May be an image of 6 people and people standing
May be an image of 7 people, people standing and indoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել