Hraparak.am-ը գրում է.

Արթուր Գրիգորիչի հետ կապված բազմաթիվ հիշողություններ կան, բայց կա մի առանձնահատուկ հուշ, որ երբեք չեմ կարող մոռանալ:

2006 թվականն էր: Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում ես ընգրված էի որպես տարվա լավագույն երգչուհու թեկնածու: Չգիտեմ` ինչպես ստացվեց, բայց այդ տարի տարվա լավագույն երգչուհի ճանաչվեցինք ես եւ երգչուհի Էմմին: Մեզանից պետք է մեկն ընտրվեր, բայց չգիտեմ ինչու այդ անգամ բացառություն եղավ:

Ինձ համար շոկ էր: Երբե՛ք, երբե՛ք չեմ կարող մոռանալ Գրիգորիչի էս խոսքերը: Ասացի՝ Արթուր Գրիգորիչ, բայց ինչպե՞ս ստացվեց այսպես, ինչպե՞ս կարող էինք ես եւ Էմմին միաժամանակ տարվա լավագույն երգչուհի ճանաչվել: Մի պահ ժպտաց ու ասաց. «Հասիկո ջան, երբ դու երգում էիր բեմի վրա, ես նայում էի քեզ ու աչքերիս առաջ եկավ քո ողջ կյանքը, թե ինչպես ես դու որպես երգչուհի կայացել, ինչ տեսակ դժվարությունների միջով ես անցել»: Այդ խոսքերից շատ հուզվեցի: Նա շատ խորիմաստ հայացքով էր այդ օրը ինձ նայում…

Փաստորեն նա ինձ հետ հավասար վերապրել էր իմ անցած ճանապարհը: Էդ հոգատարության աստիճանն անբացատրելի է: Այդ օրը բոլորս հուզված էինք: Ձյուն էր գալիս, Գրիգորիչն ինձ մեքենայով ճանապարհեց տուն:

Այդ տարիներին ծնողներիս տանն էի ապրում: Դեռ ամուսնացած չէի: Երբ հասանք տուն, էնքան շատ էր ձյուն եկել, Գրիգորիչը չկարողացավ մեքենայով բակ մտնել: Մեքենան կանգնեցրեց քիչ հեռու, ոտքով, զրուցելով, ոգեւորելով ինձ տարավ մինչու տուն: Չեք պատկերացնի, թե դա ինչ հեքիաթ էր: Այդ օրն ինձ համար հեքիաթ էր: Ես մի մոխրոտի էի նման, որին Արթուր Գրիգորիչը մեծ պարգահանդես էր պարգեւել: Վերջում, երբ տուն հասանք, ասացի՝ Գրիգորիչ, հիմա կլինի՞ ես էլ Ձեզ դեպի մեքենա ճանապարհեմ: Ասաց՝ «Ոչ, ոչ, դու պատուհանից կնայես, որ համոզվեմ տանն ես»… Շատ հուզիչ էր: Երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա այդ ցուրտ օրը, որ տաքացրեց իմ հոգին…,- «Հրապարակի» հետ զրույցում պատմում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը:
 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել