Մեկ տարի առաջ այս օրը, նոյեմբերի 3-ին, Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը՝ Արման Դիլանյանը, ով շարունակելով երկու այլ դատավորների՝ Վահե Գրիգորյանի և Աշոտ Խաչատրյանի անպատիժ մնացած փորձը, ինքնահռչակվելով Սահմանադրական դատարանի նախագահ, որոշում կայացրեց, առանց ինձ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու, մեկ այլ մարդու նշանակել ՍԴ աշխատակազմի ղեկավար։ Ինչպես շատերի, այնպես էլ ինձ համար դժվար էր պատկերացնել, որ սահմանադրական արդարադատություն իրականացնելուն կոչված ատյանում պետք է խախտվեն մարդու սահմանադրական իրավունքները, որոնց պաշտպանությունը ես հիմա ստիպված եմ փնտրել այլ դատարաններում։
Այդ պահին ինձ համար ակնհայտ էր մի բան, որ Արման Դիլանյանը պարզապես կատարում է հանգամանքների բերումով Սահմանադրական դատարանում հայտնված քաղաքական գործիչ, Սահմանադրական դատարանում իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի ուղիղ հանձնարարությունը՝ արդարացնելու համար նրա կողմից իրեն ժամանակավորապես, թեկուզ ապօրինի կերպով, ՍԴ նախագահի պաշտոնում հայտնվելու թույլտվության սպասումները։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արման Դիլանյանն ինձ հեռացնում է՝ իր և իշխանությունների կողմից ՍԴ գործուղված մյուս դատավորների ազգակործան և դավադիր ծրագրերն անխոչընդոտ կերպով իրականացնելու համար։ Իհարկե, ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները մեծ չեն, առավել ևս ՍԴ որոշումների վրա ազդեցության իմաստով, սակայն շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքից, նա կարող էր բավարար պատկերացումներ ունենալ իմ խառնվածքի և սկզբունքայնության վերաբերյալ, ինչն ավելորդ անհարմարություններ պիտի առաջացներ դավաճանական իշխանությունների հանձնարարությունները կյանքի կոչելու և մեր պետականությունն իրենց մասով կործանելու ճանապարհին։
Առավել քան վստահ եմ, որ կգա ժամանակ, որ արդարությունը կվերահաստատվի, մեր պետականությունը կվերականգնվի, իսկ այս ընթացքում, մեր պետությունն այս վիճակին հասցրած բոլոր դերակատարներն արժանի պատիժ կստանան։
Ես ոչ միայն սպասում եմ այդ օրվան, այլև պայքարում եմ դրան հասնելու համար։
May be an image of office and indoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել