Hraparak.am-ը գրում է.

Ժամանակին մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների և խոսքի ազատության համար պայքարած Հերիքնազ Տիգրանյանին, որն այսօր իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր է, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցրինք` ինչո՞վ կբացատրի իշխանության այն վարքագիծը, որ մի քանի հոգով ակցիա են անում կառավարության դիմաց, օրինակ` երեկ դաշնակցական երիտասարդների ակցիան, և ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում, որովհետև պարզվում է` ռուպռով ակցիա անել չի կարելի:

Նրան հիշեցրինք, որ 2018-ին իրենք հենց ռուպռով էին ակցիա անում, երբ իշխանափոխություն էին իրականացնում, հիմա իրենց կարելի է ռուպռով ակցիա անել, իսկ ընդդիմությանը` ո՞չ:

Հիշեցրինք նաև, որ վերջին երեք տարում ով բերանը բացում է, մուրճով գլխին հարվածում են, ուստի չի՞ նկատել, որ իրենց իշխանության օրոք խոսքի ազատության սահմանները էապես կրճատվել են:

Տիգրանյանը նախ ասաց, թե համաձայն չէ, որ վերջին երեք տարում ով բերանը բացում է, մուրճով գլխին հարվածում են:

«Վերջին երեք տարում մեր ձեռքին մուրճ չի եղել, մի քիչ ժամկետները շփոթում եք: Ինչ վերաբերում է ակցիաներին, ապա ակցիաները, Դուք ինձանից լավ գիտեք, «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն, լինում են արտոնված և լինում են չարտոնված, այսինքն` առանց իրազեկման: Ես Ձեր նշած դեպքին ծանոթ չեմ և դեպքի հանգամանքներին տեղյակ չեմ: Լրագրողի տված ինֆորմացիայով եզրահանգում չեմ հանի, հատկապես, թե ինչի պատճառով են լրագրողները բերման ենթարկվել: Ենթադրում եմ, որ բերման ենթարկելու համար ունենում են հիմքեր: Իսկ մենք ակցիաներ արել ենք ոչ միայն ռուպռներով»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել