Hraparak.am-ը գրում է.

Համաշխարհային հարյուրավոր առաջնորդների գաղտնի գործարքների ու ստվերային ունեցվածքի մասին տեղեկատվությունը դարձել է հասարակության լայն շրջանակների սեփականությունը, շնորհիվ պատմության մեջ եղած ամենամեծ փաստաթղթային արտահոսքի․ նոր օֆշորային դոսյեն կոչվում է ոչ այլ կերպ, քան «Պանդորայի թղթապանակ» կամ Pandora Papers։

Ավելի քան 650 լրագրողներ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) ղեկավարությամբ ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր, որոնցում առկա են երեք տասնյակ պետությունների ներկա եւ նախկին ղեկավարներ, ավելի քան երեք հարյուր պաշտոնյաներ։ Փաստաթղթերի համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի գաղտնի ակտիվներ Մոնակոյում, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, ով հանդիսանում է մեծահարուստ եւ մեկ շաբաթից ընտրությունների փորձության միջով է անցնելու, չի հայտարարագրել օֆշորային ընկերություն, որի անվամբ ձեռք են բերվել երկու վիլլաներ Ֆրանսիայում։ Այս նոր դոսյեն շարունակում է ավանդույթները վերջին յոթ տարիներին իրականացված մի քանի այլ համանման դոսյեների «արտահոսքի», որոնցից ամենահայտնիներն են՝ FinCen, «Դրախտային դոսյե», Panama Papers եւ LuxLeaks թղթապանակները։

Շնորհիվ այս թղթապանակի, ICIJ-ի մեդիա գործընկերները ստացել են հասանելիություն 12 միլիոն փաստաթղթերի հանդեպ, որոնք վերաբերում են այն ընկերություններին, որոնք ֆինանսական ծառայություններ են մատուցել օֆշորային իրավասություններում, այն երկրներում, որտեղ գործում է արտոնյալ հարկային ռեժիմն ու դյուրացված կարգը՝ ընկերությունների գրանցման եւ լիկվիդացման համար։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնք աշխատել են Բրիտանական վիրջինյան կղզիներում, Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, ԱՄԷ-ում, Սինգապուրում եւ Շվեյցարիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել