Երևանը Հայաստանի գլուխը չէ, փորն է ամենակուլ, արժեզրկված մի մայրաքաղաք, որտեղ իսկական երևանցին մնացել է Արթուրի կամ Ռուբենի երգերում: 
Դատարկվում է երկիրը, դառնում է գաճաճ քաղաք-պետություն: Սահմանամերձ գոտու գյուղերում մարդ չի մնացել: Ո՞վ պիտի այս մասին մտածի: Իհարկե երևանցին, որովհետև նա մայրաքաղաքի պատասխանատու բնակիչ քաղաքացին է, իսկ Հայաստանը իր մարմինն է, իր գոյության ապահովման անհրաժեշտ մասը: Բայց երևանցին զբաղված է իրենով: Տավուշում, սահմանի գյուղերում մեկ դասասենյակում մի քանի տարբեր դասարաններ միատեղ դաս են անցկացնում, սկսվել է արտագաղթի որակական փուլը, այսինքն` երկիրը լքում են նրանք, ովքեր գործ ու աշխատանք ունեն, գնում են ընտանիքներով, անհայտի ուղղությամբ, բայց Երևանը, իմ մայրաքաղաքը քնի մեջ է կամ զբաղված է բազմաթիվ ոչ կարևոր հարցերով:
Կարդում եմ արդի մտավորականներին, խոսում են սեռից, սիրուց, կուսությունից, բայց որ մի ապաշնորհ նախագահ առաջարկում է վերևի փոքր գյուղերը թողնել, իջնել ներքևներում ապրել, մինչև իրենց ձեռքը կհասնի վերևներին, ոչ ոք չի տեսնում ու լսում: Եթե Երևանում երևանցի լիներ, նախագահն էլ կփոխվեր ու գուցե երևանցի լիներ քսան տարին մեկ անգամ: Մեկ ու կես միլիոն մարդ ենք Հայաստանում ու 22 նախարար: Ի՞նչ են անում սրանք, եթե խանութի տեղն էլ նախագահականով է որոշվում: Ու՞ր ես իմ հայրենակից, լավ տղա երևանցի, վեր կենայիր, քո իրավունքներին պաշտպան կանգնեիր, պետական ապարատի ռեֆորմ անեիր, հինգ նախարար թողնեիր ու հինգ հարյուր ոստիկան, ու թող աշխատանքից ազատված ոստիկանները արտագաղթեին, հասկանային` ինչ է նշանակում պրոբլեմ: 
Սահման կա մի վերջին, որից այն կողմ ուշ է լինելու: Քանակն է որակ ապահովում: Այսպես այլևս չի կարելի: Պարզ է, երբ ամեն տարի արտագաղթի պատճառով ավելի քիչ աշակերտ է գալիս դպրոց, բայց երբ երկրորդ դասարանն է կրկնակի պակասում, նշանակում է` իշխանությունը քնած է էշի ականջում, չէ, էշ է ուղղակի:

Դ.Վ. 21.08.2013.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել