Armeniasputnik.am-ը գրում է.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց` սեպտեմբերի 21-ի առիթով պարգևավճար ստացել է։ Նախարարը, սակայն, խնդրեց, դա կոչել ոչ թե «պարգևավճար», այլ «հավելավճար» կամ «լրավճար»։ Նա նաև կոչ արեց լրագրողներին այդ փաստից չզարմանալ։

«Ամեն օր զարմանո՞ւմ եք, որ արևը դուրս է գալիս և մայր է մտնում,– ասաց Դումանյանը,– այս հարցը խնդրում եմ մի՛ շահարկեք, մի՛ զարմացեք հավելավճար ստանալու թեմայով»։

Իսկ թե որքան են պարգևատրվել մանկավարժներն ու դասախոսները Անկախության 30-ամյակի առիթով, Դումանյանը տեղյակ չէ։
«Միգուցե ինչ–որ մի բուհ իր դասախոսներին հավելավճարներ է տվել։ Շատ հաճելի կլինի, որ այնքան հավելավճար, լրավճար տան, որ բոլորը բավարարվածության զգացում ունենան։ Բուհերը ինքնավար կառույցներ են։ Եթե ունեն բավարար դրամական միջոցներ և որոշում են նման քայլ անել, միայն կարելի է ողջունել»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ, "Հայաստան" խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ԱԺ բոլոր պատգամավորները պարգևավճարներ են ստացել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ հայտարարեց, որ Անկախության 30-ամյակի առիթով ամբողջ պետական ապարատի բոլոր աշխատակիցները պարգևավճարներ են ստացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել